Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում Աշոտ Զաքարյանին փոխարինեց Արամ Հովհաննիսյանը

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյան, լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, այսօր հրամանագրեր է ստորագրել Աշոտ Զաքարյանին Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արամ Հովհաննիսյանին նշանակելու մասին: Հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքէջում:

Զաքարյանը գեներալ-մայոր է, ՌՈ պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսին:

Գեներալ մայորի զինվորական կոչում ունի նաև ՌՈ նորանշանակ պետը:

Անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում.

«Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք», - մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զինվորին ինքնասպանության հասցնելու հոդվածով կալանավորված կաԶինծառայողի մահվան հերթական դեպքը․ Փաշինյանն ասում է՝ պաշտոնանկություններ կլինեն