Արյունոտ ռինգեր. օրենսդրության և իրականության բախումը

Հայաստանում մի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելող օրենք կա, մյուս կողմից՝ պետական կնիքով հաստատված շնամարտի իրավունք։ Իսկ օրենսդրության և իրականության բախումն արյունոտ է շների համար՝ հատուկ իրար դեմ կռվելու նպատակով կառուցված ռինգում:

Մինչ իրավապաշտպաններն ահազանգում են հանցագործության մասին, շներին ռինգ հանող սպիտակցի Խաժակ Սողոմոնյանը պնդում է՝ սա ոչ թե դաժանություն է, այլ հայրենանվեր գործ, նրա խոսքով.- «Հայրենասեր մարդ եմ, հայրենանվեր գործ եմ անում, որ մեր գամփռների տեսակը չվերանա»։

Դեռ 2019-ին Քրեական օրենսգիրքը համալրվել է հոդվածով, որը հստակ արգելում է կենդանիների մենամարտերի կազմակերպումը, մինչդեռ օրենքի ընդունումից չորս տարի անց Պետական ռեգիստրը Սողոմոնյանին տվել է մի լիցենզիա, որն օրինականացնում է անօրինականը։ Փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է.
«Կազմակերպության գործունեության նպատակն է Լոռու մարզում զարգացնել շնաբուծությունը, առանձնահատուկ զարգացնել և պահպանել հովվաշների տեսակը, բարձրացնել դրանց աշխատանքային գործունեության որակը: Գործող օրենսդրության համապատասխան իրականացնել հովվաշների աշխատանքային որակների թեստային ստուգումներ, որոնք բացառում են կենդանիների նկատմամբ որևէ դաժան վերաբերմունք»:

Պետական կառույցի այս թույլտվությունը մանրամասն սահմանում է շնամարտի կանոնները՝ զույգերի ընտրությունից մինչև մրցավարների ու բժիշկների ներկայություն, իսկ արյունոտ մարտերն անվանում «սպորտային թեստավորում»։

Խաժակ Սողոմոնյանի համար Արգութը, Չերչիլն ու Վուլկանը պարզապես շներ չեն, այլ միջազգային արենաներում հաղթած չեմպիոններ, որոնց մարտունակությունն, ըստ նրա, ստուգվում է բացառապես հայկական գամփռ ցեղատեսակի գենոֆոնդը պահպանելու համար։ Նա իր գործունեությունը համեմատում է բռնցքամարտի հետ՝ նշելով, որ արյունն այստեղ սպորտային պատահար է, ոչ թե նպատակ։

«Հա, կարա մի փոքր էլ արյուն էլի, բայց եթե կենդանին հանկարծ ռինգի մեջ արյունահոսում է, տեղում սուդիան թռցնում է։ Ու բժիշկները մոտենում են... տենց բան չի լինում, ոչ մի անգամ տենց բան չի լինի, որ ռինգի մեջ շուն սատկի կամ ռինգից դուրս, չկա տենց բան»,- ասում է Խաժակ Սողոմոնյանը:

Մինչդեռ «Դինգո թիմ» ՀԿ-ի անդամների համար պատկերն այլ է. նրանք տեսագրել են, թե ինչպես են կատաղած գամփռները հոշոտում միմյանց:

Հրապարակված կադրերում երևում է, որ նրանց միջամտության ու ոստիկանների ժամանումից րոպեներ անց կազմակերպիչները հեռանում են՝ շներին խցկելով մարդատար մեքենայի նեղլիկ բեռնախցիկները։

Իրեն շնասեր, ոչ թե նրանց խոշտանգող համարող Խաժակ Սողոմոնյանը պնդում է՝ իրենց թեստավորումը չլինի՝ հայկական արժեք համարվող գամփռը կվերանա բնության երեսից, Սողոմոնյանի խոսքով.- «Ես մինչև վերջ գնալու եմ, չեմ թողնի հանկարծ գամփռը վերանա: Կվերանա, եթե հանկարծ արգելվեց օրենքով, 100 % կվերանա, էլ պահելու իմաստ չի լինի»:

Շնամարտերի կազմակերպիչները պնդում են՝ սրանով հովվաշներին սովորեցնում են պաշտպանել ոչխարներին գայլերից: Կենդանասերները հակադարձում են՝ հովվաշունը գենետիկորեն գիտի գայլի դեմ կռվելու ձևը, և նման մենամարտերը միայն խեղաթյուրում են կենդանու բնազդները։

«Ես խոսում էի մասնագետների հետ, նրանք ասում էին, որ հակառակը՝ շնամարտը խանգարում է շանը գայլի դեմ դուրս գալու, որովհետև նա այլ կռվի ձևի է սովորում։ Որովհետև գայլն այլ կերպ է հարձակվում, ունի այլ մարտավարություն, ունի այլ կծելու ձև, ունի այլ կերպ շանը խաբելու ձև, և շունը, որ անընդհատ շան հետ կռվում է, սովոր չի լինում գայլի մարտավարությանը։ Եթե մարդ ուզում է հոտ պահող լավ գամփռ, նա պիտի ուղղակի ձագ ժամանակվանից այդ ձագին պահի հոտի մեջ»,- ասում են կենդանասերները:

Իրավական այս քաոսում Խաժակ Սողոմոնյանն ու ևս երկու հոգի արդեն ձերբակալվել ու ազատ են արձակվել՝ երկրից հեռանալու արգելքով։ Մինչ կողմերը փորձում են խորհրդարանում լուծել օրենսդրական հակասությունները, Սպիտակում ակտիվ շնաբուծությամբ զբաղվող Համլետ Մազմանյանը հիշեցնում է՝ 2019-ին օրենքն ընդունելիս, նախագծի հեղինակները հայտարարել են, թե այն չի կարող վերաբերել հովվաշներին։

Ինչպես է պատահել, որ պետական կառույցները տվել են քրեական օրենսգրքին հակասող թույլտվություն, սոցիալական ցանցերում դեմ ու կողմ կարծիք ունեցողներն իրար բզկտում են, վիրավորում ու սպառնում, մինչդեռ պետական կառույցներից արձագանքողներ դեռ չեն եղել: Արդյունքում՝ Սպիտակի ռինգերում շարունակվում է մի գործընթաց, որը մեկի համար հայրենանվեր առաքելություն է և բնության պաշտպանություն, իսկ մյուսի համար՝ դաժան հանցագործություն, որն իրականացվում է պետության լուռ համաձայնությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում.