Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության նախարարի խոսնակի պաշտոնում, արխիվ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այսօրվա հրամանագրով պաշտպանության նախարարի նախկին խոսնակ, ռազմական վերլուծաբան-փորձագետ, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Ալբերտ Բաղդադյանն ազատվել է համալսարանի պետի պաշտոնից:

Նախագահը հիմք է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:

Հովհաննիսյանը Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2020 թվականներին, 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա ասուլիսները: 2021-ին նշանակվել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, 2023-ին՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ:

Նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, այսօր հրամանագրեր է ստորագրել նաև գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

Արմեն Գյոզալյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի, Լևոն Դավիդյանը՝ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի, Համլետ Լևոնյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Հրամանագրերը հրապարակված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում: