Խորհրդարանում մեկնարկեց արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների վերաբերյալ քննարկումը։
Այն կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Քննարկմանը ներկա են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ, նաև ներկայացուցիչներ կան պետական գերատեսչություններից։
Առաջինը ելույթով ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց՝ արցախցիները մինչև իրենց վերադարձի իրավունքի իրացումը Հայաստանում պետք է ապրեն բարեկեցիկ պայմաններում։ Այդ առումով ասաց ՝ թիվ մեկ խնդիրը բնակարանային ապահովման հարցն է։
Արցախմիության ղեկավար Արտակ Բեգլարյանը նույնպես մի շարք խնդիրների թվում առանձնացրեց բնակարանների հարցը։ Նշեց՝ իրավիճակը ծայրահեղ վատթարացավ, երբ պետությունը դադարեցրեց վարձավճարների տրամադրումը: Ըստ նրա՝ արցախցիների շրջանում աղքատության ցուցանիշը հասնում է 60-70 տոկոսի։ Նույնքան աշխատունակ արցախցիներ գործազուրկ են։
Կառավարությունը հուլիսին ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 միլիոն դոլար ներգրավելու օրենքի նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով։
Բեգլարյանը հատուկ առանձնացրեց ատելության խոսքն արցախցիների նկատմամբ՝ նշելով, թե այս հարցը պետք է լինի պետական հոգածության ներքո, ոչ թե պաշտոնյաներն իրենք գեներացնեն ատելության խոսք։ Մեղադրեց իրավապահներին այս հարցով ընտրողաբար գործելու մեջ։
Նիստին ներկաները, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավորները ունեին հարց տալու հնարավորություն, բայց ոչ այս մեղադրանքների, ոչ էլ Բեգլարյանի թվարկած մյուս խնդիրների վերաբերյալ հարց չտվեցին նրան։
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն էլ իր հերթին նշեց՝ հավաստագիր մինչև այժմ վերցրել է 8 հազար մարդ, սակայն իրացրել է ընդամենը կեսը՝ 4 հազարը։ Ըստ նրա՝ սահուն է ընթացել հանրակրթական ոլորտում ինտեգրումը, սակայն վիճակը այնքան էլ հուսադրող չէ բարձրագույն կրթության դեպքում։
Մի շարք խնդիրների թվարկեց Արցախի նախկին օմբուդսմենը։ Դժգոհելով քաղաքացիության ձեռք բերման ժամկետներից, ասաց՝ հունվարին ներկայացված դիմումները հաստատվել են հուլիս-օգոստոսին։ Ընդունեց՝ կա լիազոր մարմնի ծանրաբեռնվածության հարցը, բայց շեշտեց՝ պետությունը պետք է բավարար քայլեր գործադրի, որովհետև քաղաքացիության ձեռք բերումը ուղիղ կապ ունի բնակարան ձեռք բերելու հարցի հետ։