Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» են դակում, «որ Եռաբլուրը չընդլայնվի՞»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ջուրը լցրեց ներքին գործերի նախարարի երկարատև պարզաբանումներն արցախցիների անձնագրում ծննդավայրն «Ադրբեջան» նշելու անհրաժեշտության մասին:

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը:

Այսինքն՝ եթե կենսաչափական անձնագրում ծննդավայր տողի դիմաց ոչ թե Ադրբեջան, այլ, օրինակ, Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ կամ ԼՂԻՄ, ԽՍՀՄ նշվի, կամ ընդհանրապես այդ տողը դատարկ մնա, պատերազմի ռիսկ է:

«Կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք», - պնդեց Նիկոլ Փաշինյանը:

Երկու օր առաջ «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը, մի շարք այլ արցախցի հանրային գործիչներ պնդում էին՝ տեղահանվածների անձնագրերում «Ադրբեջան» դակելը քաղաքական որոշում է, ոչ թե միջազգային ստանդարտներից բխող պարտադրանք, ինչպես ներքին գործերի նախարարն է վստահեցնում:

«Իրենք որոշում են բոլոր հնարավոր ձևերով Ալիևին դուր գալ, արցախցիներին էլ ցավացնել», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Արտակ Բեգլարյանը:

Ըստ Բեգլարյանի՝ այսօր Փաշինյանը հաստատեց իրենց եզրահանգումը, ու ոչ միայն Փաշինյանը:

«Բա ո՞րտեղ են իրանք ծնվել», - ասում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, - «Էդ ժամանակ, երբ որ իրանք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ»:

Սիմոնյանը տարակուսանքով էր լսում Կառավարության շենքի առջև հավաքված արցախցիների դժգոհության մասին, բա ի՞նչ պիտի գրվի. - «Արցախի հանրապետություն երբ որ եղել է, իրանք չեն ծնվել էնտեղ: Ասենք, էդ ի՞նչ էմոցիաների, բան... Թող գրվի նաև՝ քրիստոնյա է ինքը ազգությամբ և շատ լավ մարդ է: Էդ ի՞նչ, ասենք, էդ ի՞նչ բանի մասին է խոսքը»:

91 թվականից հետո Արցախում ծնվածները որտե՞ղ են ծնվել՝ այս հարցը մնաց օդում կախված: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ «բա ի՞նչ պիտի գրվի» հարցին արցախցիները պատասխանում են՝ մինչև 91 թվականը ԼՂԻՄ-ում ծնվածների ծննդավայրի դիմաց նշվի ԽՍՀՄ, իսկ 91-ց հետո ծնվածներինը ՝ բնակավայրերի անունները:

«Ամենաօպտիմալ տարբերակը բնակավայր գրելն է և հիմք ընդունելն է ծննդականը: Ու սա իրականում մարդու իրավունքների միջազգային ստանդարտն է. և՛ Եվրոպական դատարանի, և՛ Արդարադատության միջազգային դատարանի ակտերի հիման վրա՝ ծննդականում ինչ գրված է, նույնը պետք է արտացոլեն անձնագրում», - ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

Ներքին գործերի նախարարությունը մինչև այժմ բացատրում էր, որ միջազգային ստանդարտներ կան, դրանցից շեղվել չեն կարող, հետո պարզվեց՝ ամիսներ առաջ ընդունված հայաստանյան օրենքն է պարտադրում ծննդավայրի դիմաց նշել պետության անունը: Այնինչ միջազգային ստանդարտը թույլ էր տալիս նույնիսկ ոչինչ չնշել ծննդավայրի տողում: Նախարար Արփինե Սարգսյանը տեղահանվածների անձնագրում «Ադրբեջան» ֆիքսելը հիմնավորում էր սահմանահատումների ժամանակ մարդկանց խնդիրներից հեռու պահելու մղումով:

«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյան անձնագրում ծննդավայրի դիմաց նշված էր Ստեփանակերտ, հիմա՝ Ադրբեջան: «Բա սա ցավալի չի՞», - ասաց Իսրայելյանը:

Ինչո՞ւ է իշխանությունը բնակավայրի անվան փոխարեն ընտրել Ադրբեջանն իրենց անձնագրերում դակելու որոշումը:

«Մենք չենք հորինել, էդ անունները մեր դարավոր ժամանակով է գրած եղել միշտ: Հիմի էսօր խի՞ պիտի էդ անձնագրի մեջ գրվի «Ադրբեջան», մենք դրան դեմ ենք: Որովհետև «Ադրբեջան» գրելու պարագայում, բա նույն Ադրբեջանն էլ մեզ դեղ էր առաջարկում, ասում է՝ «ապրեք Արցախում, բայց գրեք Ադրբեջան, որ դուք Ադրբեջանի քաղաքացի եք, դուք Ադրբեջանում եք ծնվել»: Բա մենք դրա համար ենք պայքարել», - ընդգծեց «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիրը:

Եթե այլ երկրներին չբարկացնելու ճանապարհով ես գնում, արդեն պարտված ես, իշխանությանն է դիմում Իսրայելյանը. - «Եթե դու գնում ես Ադրբեջանի օրակարգով, մտածելով՝ պատմական թշնամին ի՞նչ վերաբերմունք, կամ ի՞նչ արձագանք է տալու, ուրեմն՝ դու պարտված ես, դու կործանված ես, արդե՛ն կործանված ես: Դու ունենաս պիտի քո՛ օրակարգը»:

Արցախցիները բողոքում, հուզվում, հուսահատվում, բայց պարտադրված են. Հայաստանի քաղաքացիություն են ստանում նոր կենսաչափական անձնագրերով, որում Ադրբեջանն է: Ըստ «Արցախ» միության ղեկավարի՝ հրաժարվողները շատ են, բայց դրանով էլ ձգձգվում է քաղաքացիության հարցը, սրանով էլ պետության բնակարանային ծրագրից օգտվելու հնարավորությունն է զրոյանում: Ասում է՝ լուծումը փնտրելու են նախ հայաստանյան, ապա՝ Ստրասբուրգի դատարանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղահանված արցախցիները վիրավորված են. «Մեր ինքնությանը դեմ է «Ադրբեջան» նշել անձնագրում»