Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայերի դատավարությունը Բաքվում մոտենում է ավարտին: Երեկ ռազմական դատարանում խոսել են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունել:
«Բեմականացված գործընթացներ են». իրավապաշտպան
«Միանշանակ է և որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ կայացնելու են մեղադրական դատավճիռներ, բոլոր հայերին մեղավոր են հռչակելու վերագրվող կեղծ մեղադրանքներում, և ընտրվելու են ամենախիստ պատժատեսակները: Մասնավորապես, նախկին ղեկավարների առնչությամբ ընտրվելու է ցմահ ազատազրկումը, երկու նախագահները, ում տարիքը 65-ը գերազանցում է, կտրվի 20 տարի ազատազրկումը, իսկ մյուս հայերի առնչությամբ, ինչպես և առաջարկել էր դատախազությունը, 14-ից 19 տարի ազատազրկում կկիրառվի», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 19-ը դեկտեմբերի, 2025թ.
Սահակյանը ադբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները ճշմարտացի չի համարում: Ընդգծում է՝ մեկ տարի առաջ սկսված դատական նիստերի մասին հայաստանյան և միջազգային հանրությունը տեղեկություններ ստացավ միայն խիստ վերահսկվող լրատվամիջոցներից, ու այդպես էլ հնարավոր չեղավ ստուգել նրանց հրապարակումները անկախ աղբյուրներից:
Նույն կերպ հնարավոր չէ ստուգել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երեկ Բաքվի ռազմական դատարանում հնչեցրած խոսքերը, նկատում է իրավապաշտպանը:
Իրավապաշտպանի կանխատեսմամբ՝ հունվարին կհրապարակվեն դատավճիռները
«Այս դատական ֆարսը իր ավարտական փուլին է մոտենում, արդեն իսկ վերջին խոսքի իրավունքի իրացման դատավարական փուլն է՝ թե՛ 15-ի և թե՛ Ռուբեն Վարդանյանի գործով, կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի 30-ը ընթացող նիստերի շրջանակներում ձևական հնարավորություն կտրվի օգտվել այս իրավունքից: Իմ գնահատմամբ՝ հունվար ամսին նրանք արդեն կհրապարակեն դատավճիռները», - ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ «Ազերթաջ» պետական լրատվամիջոցի՝ Արայիկ Հարությունյանն իր վերջին խոսքում հակադարձել է դատախազի ներկայացրած մեղադրանքին, նշել է, որ ինքը բավարար չափով տեղեկացված մարդ է, բայց 1993 թվականին Քելբաջարի թունելում և Բեյլիք Բաղ բնակավայրում տեղի ունեցածի մասին իմացել է հենց դատարանում:
«Ազերթաջ»-ը չի մանրամասնում, թե ըստ պաշտոնական Բաքվի վարկածի ինչ է տեղի ունեցել Քելբաջարում 32 տարի առաջ: Պետական լրատվամիջոցի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում նկարագրվածը համարել է ռազմական հանցագործություն:
Հարությունյանը նաև ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված նախկին նախագահը մեղադրվում է ռազմական ծանր հանցագործությունների՝ հանցավոր խմբավորման մեջ ներառվելու, առևտրային ապօրինի գործունեությանը մասնակցելու, վարձկանության, վնաս պատճառելու, Գյանջայի օդանավակայանին ավիահարվածներ հասցնելու, սպանության, բռնության դրվագներով:
«Նրանք բեմականացված գործընթացներ են տարել՝ Ալիևների վարչակազմի քաղաքական որոշումը դատականի վերածելու նպատակով, և հասկանալի է, որ դատարանի որոշումը չի կարող չվավերացնել քաղաքական պատվերը: Մենք բազմիցս ընդգծում ենք, որ Ադրբեջանում դատական անկախ համակարգ գոյություն չունի», - ասաց Սահակյանը:
Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը ևս չեն համաձայնել մեղադրանքին: Մանուկյանն, օրինակ, պնդել է, որ ներկա չի եղել Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նիստերին ո՛չ որպես մասնակից, ո՛չ որպես դիտորդ, քանի որ իր ծառայողական պարտականությունները դա իրեն թույլ չէին տալիս:
«Այս գործերը քննվել են առանց միջազգային ներկայության և այն դատավորների կողմից, ովքեր կրթվել և դաստիարակվել են հայատյացության մթնոլորտում», - շեշտեց իրավապաշտպանը:
Օրերս էլ ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը: Դատախազությունը պահանջում է նրան դատապարտել ցմահ ազատազրկման։ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման համար մեղադրվող 57-ամյա Վարդանյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, նրան փոխանցել, որ իր եզրափակիչ խոսքում պատրաստվում է ընդգծել՝ տեղի ունեցողը դատական գործընթաց չի համարում։
Բաքվում 23 հայ է պահվում, նրանցից 7-ի վճիռները նախորդ տարիներին են կայացվել: