«Արցախի Մայր տաճարը չկա». հերթական ահազանգը

Ո՞ւր է Ստեփանակերտի Մայր տաճարը. մեծությամբ երկրորդը Հայաստանի ու Արցախի եկեղեցիների մեջ։ Այն տեսանելի էր քաղաքի տարբեր հատվածներից, իսկ ադրբեջանական սոցցանցային վերջին տեսանյութերում չի երևում։

«Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում գտնվող Արցախի Մայր տաճարը չկա։ Նույն այդ տեսաերիզից երևում է մեկ այլ անկյունից, որ չկա»,- ասում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում ցույց է տրվում, որ տաճարը չի երևում

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այն քանդել են, - ասում է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը ու չի զարմանում՝ օրեր առաջ այստեղ հողին հավասարեցրին Սուրբ Հակոբ եկեղեցին։ Դրան նախորդել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պտտվող մի պահանջ՝ քանդել թե՛ Սուրբ Հակոբը ու թե՛ Մայր տաճարը: Սուրբ Հակոբի դեպքում կան հստակ լուսանկարներ՝ նույն վայրում ճերմակ եկեղեցին է նախկինում ու հիմա դատարկ տարածք, իսկ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի տեղում ինչ է հիմա՝ հայտնի չէ։

«Իրենք դա պատճառաբանում են, որ 1994 թվականին կառուցված բոլոր շենք- շինությունները, այդ թվում նաև՝ հոգևոր պաշտամունքային, իրենք համարում են անօրինական, Ադրբեջանի օրենսդրությանը հակասող և ենթակա են ոչնչացման։ Այսինքն՝ էս քողի տակ իրանք բնական է, որ Սուրբ Հակոբի եկեղեցու ավերումից հետո պետք է անցնեին նաև Սուրբ Աստվածածին եկեղեցուն»,- ասում է Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի թեմական խորհրդի ատենապետը չի բացառում, որ Մայր տաճարը Բաքուն չեզոքացրել է ապօրինի շինարարության անցան տակ: Այս եկեղեցու կառուցումն սկսվել էր 2006-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր հիմնարկեքին մասնակցել՝ Զվարթնոցի նմանությամբ տաճարի կառուցումը շուրջ 13 տարի է տևել .. Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի դուստրը հիշում է թե՛ հոր ջանքները, թե՛ ֆինանսական դժվարությունները.

«Ոգեշնչված էր այդ պրոյեկտով համարյա 10 տարի է եկեղեցին կառուցեցին՝ հովանավորությունները կանգնեցնելով, գումարներ էստեղից-էնտեղից հավաքելով»,- պատմում է Ճարտարապետ Գագիկ Երանոսյանի դուստրը՝ Գոհար Երանոսյանը։

Եկեղեցու կառուցման գործում գլխավոր դերակատարների անուններն էին 6 անկյուններում նշված: Ճարտարապետինը նույնպես։

Ստեփանակերտի բարձր կետում կարմիր տուֆով կառուցված եկեղեցին փրկության տարածք դարձավ արցախցիների համար պատերազմների ժամանակ. եկեղեցու տակ նկուղային ընդարձակ տարածք էր, որտեղ պատսպարվում էին հազարավորներ։ Արցախի մշակույթի նախկին նախարարի խոսքով՝ «Այդ կապվածությունն ավելի ամուր է դարձել երկու պատերազմների օրերին, երբ Մայր տաճարը հովվանի է դարձել ժողովրդի համար»։

Սերգեյ Շահվերդյանը շեշտում է՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում Արցախում։ Միակ աղբյուրը սոցցանցային կցկտուր տեսանյութերն են: Այս տարածքը փակ է նաև ադրբեջանցիների համար։ Սերգեյ Շահվերդյանն ասում է՝ ելումուտ հնարավոր է միայն գրանցմամբ ու ուղեկցությամբ։

Այժմ սպասում են, որ Արցախի մշակութային հուշարձանների հետ կատարվողին հետևող միջազգային կազմակերպությունները դիտարկեն արբանյակային լուսանկարներով ու վերջնական պատասխան լինի՝ Մայր տաճարն ամբողջությամբ հողի՞ն են հավասարեցրել, թե՞ ավերվել է այնպես, որ այլևս չի երևում Մկրտչյան ու Ստեփանյան փողոցներից:

«Արցախի մշակութային ժառանգության պահպանության առաջին հասցեատերը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնք տեղահանությունից քիչ ժամանակ անց որևէ հարց մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված օկուպացված Արցախում չեն բարձրաձայնում»,- ընդգծում է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո, 44-օրյա պատերազմից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը տարբեր հարթակներից հայտարարում էր այս մասին: Վերջին շրջանում այսպիսի հայտարարություններ չկան: Ըստ Շահվերդյանի՝ Հայաստանի իշխանությունն անկախ նրանից, որ Արցախի հարցը փակում է, պիտի հայկական հուշարձանների հարցը օրակարգում պահի.

«Անկախ քաղաքական նախընտրություններից պարտավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական ամբողջ մշակութային ժառանգության համար, անկախ նրանից, թե որտեղ է ինքը գտնում,դա սահմանադրորեն ամրագրված դրույթներից մեկն է»,- նշում է Շահվերդյանը։

Այսօր էլ որևէ դատապարտող հայտարություն չի տարածվել պետական որևէ կառույցից, և սա թեմա է դարձել նաև ընտրապայքարի մեջ մտած կուսակցականների համար.

«Ծպտուն, ձեն չկա, ոչ մեկ ծպտուն չի հանում...մենք ո՞վ ենք դառել, այսինքն՝ մեր պետական որևէ ինստիտուտ չի՞ դատապարտելու սա։ Հիշո՞ւմ եք Ստեփանակերտի մեծ եկեղեցին, հողին են հավասարեցրել»,- ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բարեբախտաբար, չեն լռում միջազգային կառույցները, ասում է Սերգեյ Շահվերդյանը՝ ակնկալելով, որ երբ արբանյակային լուսանկարներով նույնպես հաստատվի տաճարի ավերումը, կլինի նոր արձագանք։ Շահվերդյանն ասում է. - «Պետք է ընդգծենք Եվրոպական խորհրդարանի գործունեությունը, որ այդ ուղղությամբ մինչև այսօր էլ բազմաթիվ բանաձևեր է ընդունում՝ կոչ անելով դադարեցնել մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այդ ֆոնի վրա Հայաստանի իշխանությունների լռությունը քարտ բլանշ է բացում Ադրբեջանի համար, որը ձեռքերը լրիվ բաց, ինչ ուզում անում է»։

Արդեն ադրբեջանական բուլդոզերի տակ են անցել Լաչինի, Ջաբրայիլի, Աղավնոյի, Մոխրենեսի եկեղեցիներն ու մատուռները, հողին է հավասարվել Շուշիի Կանաչ ժամը: Հնագույն հայկական եկեղեցիները Բաքուն աղվանական է ներկայացնում: Այս ամենին հետևող կազմակերպությունների ներկայացուցիչներն ասում են՝ Ադրբեջանը վերացրել ու վերացնելու է այն, ինչ չի կարող աղվանական դարձնել: