Արցախի հարցով քաղաքական ուժերից որն ինչ է գրել իր նախընտրական ծրագրում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հիմնական ուժերը խոստանում են պաշտպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, բացառություն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը»:

Նախորդ՝ 2021-ի ծրագրում Շուշիի և Հադրութի դեօկուպացիա խոստացած ՔՊ-ից այժմ կուսակցության ղեկավարի մակարդակով հայտարարում են՝ հրաժարվում են ղարաբաղյան հարցից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագիրը ներկայացնելիս պարզաբանեց՝ տասնամյակներ շարունակ կոնֆլիկտի պատճառ դարձած Ղարաբաղի հարցը փակված է. «Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են, են եղել։ Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք՝ լավ, ինչի՞ մեջ է մեր ընտրությունը, և մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության»։

«Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու օրակարգով ընտրություններին մասնակցող գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի վերաբերյալ դրույթ չի լինի: Փոխարենը, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ լուծելու են բռնի տեղահանվածների հումանիտար հարցերը. «Մարդկանց պետք է ապահովել երկու կարևոր բան՝ տնավորման հարցը և երկրորդը՝ մշակութային ընդհանրության պահպանումը»։

Այդուհանդերձ, իշխանության գալու դեպքում «Ուժեղ Հայաստանի» օրակարգից արցախցիների վերադարձի իրավունքը դուրս չի մնալու: Նարեկ Կարապետյանը նշեց՝ այս հարցին կանդրադառնան, երբ համոզված լինեն՝ նրանց վերադարձն անվտանգ է լինելու:

«Մենք իրավունք չունենք այնպես անել, որ մեր հայրենակիցները գերիի կարգավիճակ ունենան: Երբ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցներն անվտանգ են լինելու Արցախում, այդ ժամանակ վստահ կգնանք այդ քայլերին», - ասել է նա:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց՝ հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացման հարցը ամրագրված է դաշինքի նախընտրական ծրագրում:

«Մենք խոսելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքից, միջազգային բանակցությունների օրակարգում ենք խոսելու, միջազգային հարթակներում ենք խոսելու և աշխատանք ենք տանելու, այսինքն՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգ են ստանալու, որ սա իրենց օրակարգային հարցերից մեկն է, և քայլեր ձեռնարկեն, որպեսզի սա համախոհություն ձևավորվի, արդեն առկա համախոհությունը հնարավորինս ընդլայնվի», - նշեց նա։

Վերադարձի հարցը հստակ ամրագրված է լինելու նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հիմնած «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ծրագրում: Թաթոյանը նշեց՝ սա միջազգայնորեն ամրագրված իրավունք է, որն իր թիմն առաջ է մղելու:

«Արդյո՞ք իրատեսական է հիմա վերադարձի հնարավորությունը։ Ո՛չ, իրատեսական չէ, դա հասկանում ենք։ Արդյո՞ք մենք պետք է թողնենք, որպեսզի այդ իրավունքը մարի, մոռացության տրվի։ Ո՛չ, որովհետև դա մեր ժողովրդի, մեր ազգի իրավունքների պաշտպանությունն է, ավելին՝ ես համոզված եմ՝ մեր ծրագրում դա ամրագրել ենք նաև այն համոզմունքով, որ դա անհրաժեշտ է Հայաստանի շահերի պաշտպանության նպատակով։ Այսօր դրա մասին չխոսելը միայն ձեռնտու է Ադրբեջանին», - նշեց նա։

Գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես Արցախի ժողովրդի վերադարձի թեման չի շրջանցվելու: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իրենք հետևողական առաջ են մղելու Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության, ներառյալ՝ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում:

Անկախ գործող իշխանության դիրքորոշումից՝ էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք. և սա լինելու է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության արտաքին քաղաքական օրակարգում:

«Ոչ միայն պահելու ենք այն նպատակով, որ գիտենք, որ կարող են մի օր վերադառնալ, այլ այն նպատակով, որ դա նաև կհակակշռի, կփոխզսպի և Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցիների վերադարձի նարատիվը հետ կմղի», - նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանող այս ուժերից ոչ մեկը, սակայն, տեսանելի ապագայում նրանց վերադարձը իրատեսական չի համարում: Անվտանգային հստակ երաշխիքների ապահովումն են կարևորում, որը տարիների գուցե տասնամյակների աշխատանք կպահանջի: Վարչապետ Փաշինյանի կարծիքն այն է, որ չպետք է փորփրել՝ ով ուր է ապրել, որ պատերազմ չլինի, խաղաղություն լինի:

«Վերադարձի իրավունք՝ Ղարաբաղ վերադարձի իրավունք...Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները։ Եվ այդ կետի վրա կսկսի եռալ, եռալ, և կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք՝ այդ թեմաները երկկողմ պետք է փակվեն։ Եվ սա իրատեսական և լեգիտիմ մոտեցում է միջազգային իրավունքի տեսակետից։ Եվ սա է մոտեցումը, որ երաշխավորում է խաղաղության։ Որովհետև եթե մենք հիմա ասենք, որ Ղարաբաղի մեր սիրելի հայրենակիցները պետք է վերադառնան Ղարաբաղ և մեր փախստականները պետք է վերադառնան Ղարաբաղ, և մեր փախստականները պետք է վերադառնան, նրանք էլ են ասում՝ մեր փախստականներն էլ ուրեմն պետք է վերադառնան», - նշել է Փաշինյանը։

«Ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ենք օրակարգում պահելու, այլ նաև Բաքվից, Շամխորից, Սումգայիթից և Ադրբեջանի տարբեր համայնքներից մազապուրծ գաղթած հայերի վերադարձի իրավունքն ենք օրակարգում պահելու, որովհետև մեկը զսպելու է Ադրբեջանի ախորժակը փախստականների վերադարձի հարցով, իսկ մյուսը ցույց է տալու Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման համար ինքը շարունակում է մնալ պատասխանատու», - ԼՀԿ-ի մոտեցումն է՝ ըստ Մարուքյանի։

Նիկոլ Փաշինյանի փաստարկը ոչ մի կերպ ընդունելի չեն համարում ընդդիմադիրները, ավելին՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Սահմանադրության օրինակով ընդգծեց, թե ինչպես Հայաստանը չի պահանջել Ադրբեջանից Սահմանադրություն փոխել, բայց Հայաստանում Բաքվի պահանջով փոխվում է Սահմանադրությունը. «Նույնն է նաև վերադարձի իրավունքի մասին։ Չի խոսել չէ՞ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերադարձի իրավունքի մասին, մի տեղ չեք գտնի։

Ադրբեջանն ամեն տարի պետական ֆինանսավորմամբ իրականացնում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի համաժողով, պահանջում է, որ ադրբեջանցիները 100 հազարավորներով բնակեցվեն Հայաստանում, որքան միջազգային համաժողով կա, կոնֆերանս կա, ՄԱԿ-ի հովանու ներքո միջոցառում կա, ներկայացուցիչները այդ ՀԿ-ի, որը ֆինանսավորվում է Ալիևի աշխատակազմի կողմից, գնում են և խոսում են ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու մասին»։

Փաշինյանը շարունակել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները քարտեզներով են հանդես գալիս, հրապարակումներով են հանդես գալիս, և ինչպես, իմիջիայլոց ասեմ, Ղարաբաղի կոնֆլիկտն էլ սկսվել է շատ անմեղ հումանիտար հարցերից»։

«Այս օրակարգը չհետապնդելն է տանում ուղիղ պատերազմի, մեր իրավունքների պաշտպանությունից հրաժարումն է տանում ուղիղ պատերազմի, այն դեպքում, երբ կան բոլոր հիմքերը: Եվ այս խոսույթը, որ իշխանությունները մտցրել են՝ պատերազմի ահաբեկելով, վախեցնելով, բերել Ադրբեջանին, դարձրել են Հայաստանի ներպետական ընտրություններում գլխավոր գործոն, սա հենց Ադրբեջանի հետ պայմանավորված քաղաքականություն է», - ասում է Արման Թաթոյանը։