Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։

Առողջական հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում է ստացել նաև իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի որդին՝ Սամվել Գևորգյանը. այս խնդիրները, սակայն, վերջինիս չեն խանգարել հանդես գալ բասկետբոլի մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում, նաև՝ «Հատիս» թիմում։

Ինչպե՞ս է ստացվել, որ առողջական խնդիրներով հնարավոր է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու բասկետբոլով զբաղվել, բայց հնարավոր չէ անգամ սահմանափակումներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել։

20-ամյա Գոռ Սանոսյանը խաղում է պաշտպանի դիրքում։ Ըստ ֆուտբոլային տվյալների հավաքագրմամբ զբաղվող Transfermarkt կայքի՝ «Արարատ-2» է տեղափոխվել միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Արարատ-Արմենիա-2» ակումբից՝ այս տարվա փետրվարին։ Երկու թիմերում էլ Սանոսյանը հիմնականում հանդիսացել է որպես փոխարինման մտնող ֆուտբոլիստ։ «Արարատ-Արմենիա-2»-ում նա 2 խաղում է փոխարինման դուրս եկել, ևս երեք խաղում էլ փոխարինման է մտել «Արարատ-2»-ում, բայց այս թիմի վերջին խաղերում՝ մայիսի 15-ին ու 21-ին, նախկին նախարարի որդին եղել է նաև թիմի մեկնարկային կազմում։

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում Սանոսյանը ստացել է 2024-ին։ Հայաստանյան օրենսդրությամբ զորակոչից տարկետում հնարավոր է ստանալ առողջական պատճառներով, կրթական ու սպորտային նվաճումների հիմքով։ Գոռ Սանոսյանը, թեպետ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, սակայն չի խաղում Հայաստանի տարբեր տարիքայինների ազգային հավաքականներում, և նրան այս հիմքով տարկետում չի տրվել։

«Ազատության» հետ զրույցում Գնել Սանոսյանը բացատրեց՝ որդին տարկետում է ստացել առողջության հետ կապված հարցերով. «Ֆուտբոլիստ է տղաս 6 տարեկանից, որի հետևանքով որոշակի առողջական խնդիրներ ունի, ինչը նկատվում է շատ ֆուտբոլիստների մոտ, ովքեր մանկուց են զբաղվում ֆուտբոլով։ Եթե ճիշտ եմ հիշում, սրտի, փայծաղի, արյան ճնշման հետ կապված խնդիրներ են։ Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ովքեր 6-7 տարեկանից ֆուտբոլի են հաճախում, իրենց մոտ օրգանները զարգանում են, այնպիսի չափեր են ունենում, որ մեր բժշկական ստանդարտներին չեն համապատասխանում», - բացատրեց Սանոսյանը։

Ինչպե՞ս է որդին պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում, եթե կան սրտի, ճնշման ու փայծաղի խնդիրներ։ Սանոսյանը պատասխանեց՝ կան ստանդարտներ, բժշկական ստուգումներ են իրականացվում. «Տղաս որոշակի փոխարինումներով է խաղում, ստաբիլ չի խաղում», - ասաց նա՝ բացառելով, որ իր միջամտությունը եղել է որդուն բանակից առողջական հիմքով տարկետում տրամադրելու հարցում։ Սանոսյանի խոսքով՝ ինքն անձնապես ցանկանում է, որ տղան թողնի ֆուտբոլը՝ մտածելով նրա առողջության մասին։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի խոսքով՝ Սանոսյանը հեռանկարային, աթլետիկ, բարձրահասակ, պաշտպանի տվյալներով ֆուտբոլիստ է։ Թիմի տնօրենը տեղյակ չէր՝ ինչ հիմքով է նա ծառայությունից տարկետում ստացել. «Ես առաջին անգամ եմ լսում, բանակի հետ կապված խնդիրներից չգիտեմ… Երբ ինքը մեզ մոտ եկել է, անցել է բուժզննում, որևէ շեղում չենք տեսել։ Հնարավոր է՝ մինչ այդ եղել է, անցել է։ Առանց բուժզննման չէր կարող խաղալ՝ ըստ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի», - նշեց «Արարատ»-ի տնօրենը։ Ավելի ուշ Ղարաբաղցյանը փոխանցեց, որ, ըստ բուժզննման արդյունքների, էլեկտրասրտագրության եզրակացության մեջ շեղում կա, և 6 ամիսը մեկ Սանոսյանը պետք է ստուգում անցնի, բայց ֆուտբոլ խաղալ թույլատրվում է։

Գոռ Սանոսյանի առողջական վիճակի՝ սրտի, ճնշման, փայծաղի հետ կապված խնդիրների մասին տեղյակ չէր նրա նախկին թիմի՝ «Արարատ-Արմենիա»-ի տնօրեն Պողոս Գալստյանը. «Մեզ մոտ բուժզննում նա անցել է, ամեն ինչ նորմալ է եղել։ Այդ հարցերը ես չգիտեմ, դուք կարող եք քննել, ստուգել», - պատասխանեց նա։ Պողոս Գալստյանի փոխանցմամբ՝ կան դեպքեր, երբ ֆուտբոլիստները շեղումներ ունենում են, այդ դեպքում կրկնակի ստուգումներ են նշանակվում, որոշումներ կայացվում՝ որ աստիճանի խնդրի առկայության դեպքում է հնարավոր խաղալ, որի ժամանակ՝ ոչ։

Առողջական հիմքով տարկետում և բասկետբոլ՝ միաժամանակ

2018-ից իշխող ուժի պատգամավոր է նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը։ Նրա որդին՝ Սամվել Գևորգյանը, 2023-ին տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առողջական հիմքերով։ Սա չի խանգարել, որ Գևորգյանը մինչև 2024-ը խաղա Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Սրան զուգահեռ՝ նա անցած մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ և «Հատիս» ակումբներում, վերջին անգամ խաղացել այս տարվա մարտին։

ՔՊ-ական պատգամավորը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ առողջական խնդիրների պատճառով է որդին տարկետում ստացել բանակից, ասաց՝ բժշկական գաղտնիք է, և լրատվամիջոցն իրավունք չունի նշված հարցով զբաղվելու։ Իսկ ինչպե՞ս է առողջական խնդիրների առկայության պայմաններում որդին բասկետբոլ խաղում. «Բասկետբոլը որդիս թողել է առողջական խնդիրների պատճառով…. ցավոք սրտի, խնդրում եմ նման ցավոտ թեմաները մի մանիպուլացրեք», - ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամը՝ չհստակեցնելով, թե որքան ժամանակ է, որ որդին չի խաղում։

Սամվել Գևորգյանն իսկապես վերջին ամիսներին չի խաղում. պատճառն այն է, որ բասկետբոլի Ա-լիգայի մրցաշրջանն ավարտվել է մարտի կեսերին։ Միջազգային բասկետբոլային տվյալների հայտնի կայքերից մեկի՝ Eurobasket-ի տվյալներում երևում է, որ Գևորգյանը մինչ մրցաշրջանի ավարտի վերջին հանդիպումը խաղացել է «Հատիս»-ում։ Սա մեր զրույցում հաստատել է նաև «Հատիս»-ում նրա մարզիչ Վարդան Խաչատրյանը։

Վերջինս պատգամավորի որդու մարզիչներից է եղել նաև մինչև 20 տարեկանների ազգային հավաքականում. «Կոնկրետ հիմա խաղեր չկան, մրցաշրջանն ավարտվել է», - ասաց մարզիչը՝ ավելացնելով, որ բասկետբոլիստը հեռանկար ունի, տվյալները լավն են։

Հարցրինք՝ արդյո՞ք առողջական խնդիրներ նկատել է Սամվել Գևորգյանի մոտ. «Կարծեմ՝ մեջքի խնդիր է եղել, բայց նա վերականգնվել ու խաղացել է։ Կարծեմ բաց է թողել մի քանի պարապմունք, բայց ոչ մի այլ էական ազդեցություն դա չի ունեցել», - պատասխանեց Վարդան Խաչատրյանը։

Սամվել Գևորգյանը բասկետբոլի Ա լիգայում անցած մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ, ևս 4 խաղի է մասնակցել Եվրասիական լիգայում։ Այս պահին նա բասկետբոլի որևէ հավաքականում ընդգրկված չէ։


Մկրտիչ Կարապետյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իմ տղան բարձրակարգ տղա է». Անդրանիկ Քոչարյանը խոստովանել է՝ որդին ինչու չի ծառայել Համալրում՝ հիվանդությունների հաշվին. խստացվել է ծառայությունից ազատվելու կարգը