Առևտուր, ներդրումներ, զբոսաշրջություն. ի՞նչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը, ըստ թուրք փորձագետի

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ, արխիվ

Հայ-թուրքական կարգավորման ավելի քան քառամյա բանակցություններից հետո առայժմ ոչ միայն երկու երկրների սահմանը չի բացվել, այլև մի իսկական փորձություն է ամենակարճ ճանապարհով Թուրքիա հասնելը: Վրացական Ախլքալաքից թուրքական Աքթաշ սահմանային անցակետ մայրուղու ասֆալտը գրեթե ամբողջովին քայքայված է, մի քանի տասնյակ կիլոմետր անցնելու համար ժամեր են անհրաժեշտ:

Այս պայմաններում, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ ցամաքային ամենակարճ ճանապարհը քայքայված է, Անկարան մայիսին վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները: Եթե մինչ այս երկու երկրների միջև առևտուրն իրականացվում էր հիմնականում միջնորդների միջոցով, այժմ հնարավոր է նույնն անել ուղիղ մաքսային ձևակերպումներով:

Ի՞նչ տվեց այս որոշումը երկու կողմերին ու արդյո՞ք ակտիվացել է առևտուրը

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հենց մայիսին Հայաստանը Թուրքիայից ավելի շատ ընդհանուր գնով ապրանք է ներկրել, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, ըստ հայկական կողմի, այս տարի Հայաստանն արդեն շուրջ 200 միլիոն դոլարի ապրանք է ներկրել հարևան երկրից:

Նաև հակառակ՝ դեպի Թուրքիա արտահանման ուղղությամբ ակտիվություն կա, եթե Հայաստանի պաշտոնական վիճակագրությունում կես միլիոն դոլարից էլ քիչ արտահանման մասին տվյալ կա, թուրքական կողմի վիճակագրությամբ Հայաստանից ներկրումների ծավալներն այս տարի հասել են գրեթե 4 միլիոն դոլարի, սա, թեև Հայաստանի ընդհանուր արտահանումների համեմատ շատ փոքր ծավալ է, սակայն զրո էլ չէ, ինչպես Ադրբեջանի դեպքում:

Հստակ վիճակագրությունը հասանելի կլինի ավելի ուշ, մինչ այդ մասնագետները քննարկում են երկկողմ առևտրի հնարավոր նոր ուղղություններն ու հեռանկարները:

Ի՞նչ կշահեն կողմերը սահմանի բացման դեպքում

«Թուրքական ապրանքները հիմա էլ հայկական շուկայում են, Վրաստանի տարածքով Հայաստան են հասցնում՝ ավելացված արժեքով, նույն ճանապարհով նաև հայկական ապրանքները կարող են Թուրքիա հասնել, բայց կարևոր է գործընկերությունն ու համագործակցությունը, ինչը մինչ այսօր մեր ընկերությունների միջև չի եղել, կարծում եմ սահմանի բացումը նոր դիմագիծ կհաղորդի մեր հարաբերություններին, ինչը կբարձրացնի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մրցակցայնության մակարդակը, նաև շատ օգտակար կլինի Թուրքիայի տնտեսության համար», - ասաց թուրք տնտեսագետ, TEPAV հետազոտական կենտրոնի ղեկավար Գյուվեն Սաքը:

Թուրք տնտեսագետը, որը 2010-ին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Երևանում հայ-թուրքական հարաբերությունների թեմայով համաժողով էր վարում, առանձնացնում է մի շարք ուղղություններ, որոնք կարող են հեռանկարային լինել երկկողմ համագործակցության համար՝ տուրիզմ, լոգիստիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ:

«Մեկը տուրիստական գործակալությունների միջև համագործակցությունն է, ինչն արևելյան Անատոլիան ավելի զբոսաշրջային կդարձնի: TRIPP նախագիծը պետք է կապի Ասիան Եվրոպայի հետ, ուստի լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության անհրաժեշտություն կա: Մենք նաև ՏՏ ոլորտին ենք հետևում, Հայաստանն այդ բնագավառում պոտենցիալ ունի, ցանկանում ենք, որ հայկական և թուրքական ընկերությունները համագործակցեն», - նշեց տնտեսագետը:

Գյուվեն Սաքը մանրամասնում է՝ Թուրքիայի գավառներ տարեկան առավելագույնը մի քանի հարյուր ամերիկացի զբոսաշրջիկ է այցելում, իսկ Հայաստանում նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում, հայկական տուրօպերատորները նրանց կարող են նաև Թուրքիա տանել. «Հայերը հիմա էլ գալիս են, բայց կարևոր խնդիրն ուղիղ կապ ունենալն է»:

Թեև Հայաստանն ըստ էության թուրքական ապրանքներ ներկրելու որևէ սահմանափակում չունի, այս և նախորդ իշխանությունների օրոք տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների թուրքական ապրանք է Հայաստան հասել, հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումներին զուգահեռ հայկական կողմում մեծանում է ահազանգերի ալիքը, թե դրանից հետո թուրքական կապիտալը կխժռի հայկական տնտեսությունը:

Թուրքիայի սուր տնտեսական խնդիրներին այդ քննարկումներում, սակայն, հիմնականում չեն անդրադառնում. վերջին տարիներին լիրան այնքան է արժեզրկվել, որ տարբեր ապրանքների ու ծառայությունների գներն անհամեմատ ավելի բարձր են:

Կլինի՞ թուրքական կապիտալի հոսք դեպի Հայաստան

Թուրքական կապիտալի հոսք կլինի՞, որը մեծ ազդեցություն կթողնի հայկական տեղական արտադրության վրա: Անկարայում թուրք վերլուծաբաններից տարբեր կարծիքներ լսեցինք. կա տեսակետ, որ թուրքական ընկերությունները մեծ տեմպով Հայաստան կմտնեն և այստեղ նաև ստարտափեր կհիմնեն:

Ինքը՝ տնտեսագետ Գյուվեն Սաքը հիշեցնում է՝ 90-ականներին, երբ Թուրքիան ու Եվրամիությունը վերացրին փոխադարձ առևտրի մաքսատուրքերը, նույն մտահոգությունները նաև այնտեղ կային:

«Այդ համաձայնագիրը շատ օգտակար է Թուրքիայի տնտեսության մրցակցայնության համար և կարծում եմ՝ նույնը կլինի նաև Հայաստանում, որովհետև կան ոլորտներ, որոնցում հայկական ընկերությունները և աշխատուժը ավելի մեծ պոտենցիալ ունեն: Կան նաև բնագավառներ, որոնք թուրքական ընկերությունների համար կարող են արդյունավետ լինել, կարևոր հարցն այն է, որ համագործակցություն լինի, դա երկու երկրների համար օգտակար կլինի», - ընդգծեց նա:

Հունիսին Կարս էին այցելել ու տնտեսական ֆորումի մասնակցել ավելի քան հինգ տասնյակ հայ գործարարներ, սեպտեմբերին այդպիսի մի քննարկում Երևանում են նախատեսում անցկացնել: Այդ քննարկումները հյուրընկալած Կարսի արդյունաբերական պալատի նախագահն անցած շաբաթ ասել էր՝ Կարսի ընկերություններից մեկն, օրինակ, առաջարկել է Երևանում շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ իրականացնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրք փորձագետներ. Անկարան շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել Բաքվի հետ Ի՞նչ են մտածում Անկարայում հայ-թուրքական կարգավորման մասինՉվերականգնված կամուրջն ու հայկական ժառանգությունը Անիում