Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «հայելային արձագանքներ» որակեց հայաստանյան ընտրություններից հետո Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով քննարկումների ակտիվացումը:
«Ինձ համար անհայտ է՝ հիմա, օրինակ, քննարկվում է, որ Միացալ Նահանգների Սենատում Ձեր ասած թեմայով քննարկում է լինելու, բայց, իհարկե, լռության է մատնվում էն, որ ընդամենը տասն օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը վերաբերում է, ըստ էության, եթե շատ մանրամասների մեջ չմտնեմ, օրակարգ են մտցրել հարց, որը, ըստ էության, վերաբերում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Ես էլի ուզում եմ շատ հստակ լինի այս հարցը՝ քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի էդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, է հայելային ձևով դա շարունակվելու է: Դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոններ են», - պնդեց Փաշինյանը՝ վստահեցնելով. - «Ես ասում եմ, որ էդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն և չի ունենալու էնքան գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք և էդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում»:
«Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են... Այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ». - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. - «Ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»:
«Էս է պատճառը, որ ես շարունակում եմ պնդել, և մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն՝ այդ թվում էն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը էս տեսլականի օգտին քվեարկել է. սա շատ կարևոր հանգամանք է: Եվ դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ և մեր լիազորությունների և օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք՝ դա կասեցնելու», - ասաց Հայաստանի վարչապետը:
Պաշտոնական Երևանը պնդում է, որ «արևմտյան ադրբեջանցիների» հարց Բաքվի հետ չի քննարկվել ու չի քննարկվելու։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում «Հայաստանի պետական շահերի դեմ գործելու» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մղելու փորձերի» համար։
Պաշտոնական Երևանը պնդում է՝ խաղաղության հաստատմամբ փակում են և՛ Ղարաբաղյան շարժումը, և՛ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հարցը:
«Մենք փակել ենք 500 հազար հայի Ադրբեջան վերադառնալու թեման և դրանով իսկ փակել ենք ադրբեջացիների վերադառնալու թեման», - մասնավորապես հայտարարել է վարչապետ Փաշինյանը: