19 հայ գերիներից մեկի՝ Մադաթ Բաբայանի որդին պատրաստ է այցելել Բաքու և տեսակցել հորը, որին արդեն 3 տարի է չի տեսել, ասում է. «Ով ուզում է կազմակերպի, մենակ՝ գնանք, տեսնենք»:
Մարտակերտի Գետավան գյուղի բնակիչ Բաբայանը 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից: Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրել է այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» համար՝ դատապարտելով 20 տարվա ազատազրկման:
«Իրանց [Ադրբեջանին] դավերյա չկա: Եթե Կարմիր Խաչի միջոցով լինի, կարելի է գնալ, եթե անվտանգ լինի, խնդիր չկա»,- ասում է Բաբայանի որդին:
Բաքվի բանտում պահվող հոր հետ Արմենը շաբաթական մեկ անգամ հեռախոսով է խոսում: Նրա առողջական վիճակի, պահման պայմանների մասին որևէ անկախ մարմնից տեղեկություն ստանալու հնարավորություն չունի: Անցած սեպտեմբերին Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիները Ադրբեջանում կատարյալ մեկուսացման մեջ են հայտնվել:
«Վերջին անգամ մի շաբաթ առաջ ենք խոսել: Կոկորդում ուռուցք ունի, էդ է խանգարում ամենաշատը: Ասում է՝ կոկորդում մի բան կա, միշտ ինձ խանգարում է, նորմալ չեմ կարողանում շնչեմ, հաց ուտեմ»,- պատմում է Բաբայանի որդին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել ՊաշտպանըՆախօրեին հարազատներին տեսակցելու խնդրանքով Բաքվի բանտից Հայաստանի իշխանություններին էր դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հարցնելով, թե ինչու Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի հետ բանակցում են տնտեսական հարցերի շուրջ, սակայն հայ գերիների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն:
Հետևաբար Վարդանյանը խնդրել էր դիտարկել իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի, ինչպես նաև մյուս բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Արդյոք Հայաստանի պետական մարմինները պատրաստ են կազմակերպել Բաքվի բանտերում պահվող 19 հայերի հարազատների այցելությունը Ադրբեջան: Ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ոչ էլ արտգործնախարարությունն առ այս պահը չեն արձագանքել Վարդանյանի խնդրանքին:
Մինչդեռ, իրավապաշտպանների համոզմամբ, Հայաստանի պետական մարմինները կարող են կազմակերպել նման այցելություն, ինչպես դա անում են օրինակ՝ հասարակական կազմակերպությունների դեպքում, որոնք արդեն երկու անգամ փոխադարձ այցեր են կատարել:
Աննա Մելիքյանը
Միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ քանի որ գերիներին անհապաղ ազատ արձակելու գործընթացը ձգձգվում է, այս փուլում պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանի քաղաքացիների և նրանց հարազատների իրավունքները պաշտապնելու համար:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանում չկա որևէ միջազգային կառույց, որը կարող է այցելել հայ գերիներին և տեղեկանալ նրանց պահման պայմանների և առողջական վիճակի մասին, իրավապաշտպանը կարծում է՝ Հայաստանը պետք է իր բոլոր գործիքները, այդ թվում՝ այլ երկրների միջնորդությունն օգտագործի, որպեսզի կարողանա ազդել Բաքվի վրա և պաշտապանի իր քաղաքացիների իրավուքնները:
«Շատ ավելի կարևոր է, ըստ իս, խաղաղության ամրապնդման համատեքստում առաջնային մարդասիրական հարցերի լուծումը, այնուհետև նոր խոսել առևտրային հարաբերությունների վերականգնման մասին»,- ընդգծում է Միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ցմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերինԱրդյոք Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր ձեռնարկում է գերիների վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության համար:
Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծում է՝ եթե բավարար քայլեր լինեին, ապա գերեվարված հայերն արդեն Հայաստանում կլինեին:
Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն կաշկանդված է այս հարցում, որպեսզի չառաջացնի Ադրբեջանի դժգոհությունը: Աննա Մելիքյանը նկատել է, որ Հայաստանի դիրոքորոշումն անցած տարվանից կտրուկ փոխվել է և այլևս գերիների հետ կապված խնդիրները՝ որպես իրավունքի խախտում, իշխանությունը հստակ չի բարձրացնում:
Մելիքյանի խոսքով.- «Ավելին, ելույթներում, այդ թվում նաև՝ վարչապետի մակարդակով ելույթներում՝ ՄԱԿ-ում, Եվրոպական խորհրդարանում, մենք նկատեցինք, որ երբ հարցը բարձրացվում է, կարծես փորձում են ավելի մեղմել խնդիրը, և սրությունը չեզոքացնել»:
Առայժմ միայն Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է արձագանքել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի խնդրանքին, սակայն նա էլ, ըստ էության, նշել է, թե ինքը այցելություններ կազմակերպելու և ադրբեջանական բանտերի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու մանդատ չունի:
Անահիտ Մանասյանը
«Դուք էլ եք հասկանում, որ մոնիթորինգային լիզորություն ես չեմ կարող ունենալ այլ պետությունում: Եվ, բնականաբար, այդ բոլոր առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը, միաժամանակ, կարծում է, որ կառավարությունը անգործություն չի դրևսորում գերիների իրավունքների պաշտպանության հարցում, խոստանում է՝ դա նկատելու դեպքում բարձրաձայնել:
«Եթե տեսնեմ անգործության կամ, ընդհանրապես, իրենց լիազորությունները չգործադրելու խնդիր, բնականաբար, ես ինքս առաջին հերթին դրա վերաբերյալ հրապարակային հանդես կգամ»,- նշում է Մանասյանը:
Արդյո՞ք պաշտպան Անահիտ Մանասյանը կաշկանդված է գնահատել Հայաստանի իշխանությունների քայլերը՝ գերիների իրավունքների պաշտպանության հարցում: Իրավապաշտպան Աննա Մելիքյանը համոզված է, որ պաշտպանը կարող է ավելի ակտիվ օգտագործել իր մանդատը: