Արդյո՞ք Գյուլագարակում հետընտրական հաշվեհարդար է եղել

Գյուլագարակ, համայնքապետարան

Արդյո՞ք հետընտրական հաշվեհարդար է եղել Գյուլագարակում, որտեղ ընդդիմադիր երեք ուժերը միասին 50 տոկոսից ավելի ձայն են ստացել:

Մամուլն էր կադրեր հրապարակել, որտեղ համայնքապետարանի գլխավոր մուտքի ապակին կոտրված է ու տեղեկություններ կան, թե տեղացի Կարենին համայնքապետարանում ծեծել են, վնասվածքներ պատճառել ու բացատրություն պահանջել՝ արդյո՞ք ՔՊ-ի դեմ չի քարոզել՝ չնայած, որ կինը համայնքապետարանում է աշխատում, քույրն էլ գյուղի դպրոցի տնօրենն է:

Այսօր Քննչական կոմիտեից միայն հայտնեցին, որ «դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով, մեկ տուժող կա, կատարվում է նախաքննություն»:

Ինքը, այս միջադեպի առանցքում հայտնված գյուլագարակցի Կարենը, որ, ենթադրաբար տուժող է ճանաչվել, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանը նույնպես այսօր չպատասխանեց մեր զանգերին: Հնարավոր չեղավ պարզել՝ իսկապե՞ս ինքն էլ մասնակից է եղել ծեծին, ինչպես պնդում է մամուլը:

Միջադեպի հաջորդ օրը, համայնքապետարանը պաշտոնապես հերքել էր հետընտրական հաշվեհարդարի մասին տեղեկությունները, հերքում պահանջել նաև լրատվամիջոցներից՝ հրապարակումները «սուտ, անհիմն և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ» որակելով։ Հերքել, բայց չէին պարզաբանել՝ այդ դեպքում, ով՝ ում է ծեծել համայնքապետարանում, որի առթիվ քրեական գործ կա կամ ինչից էր հանկարծ ջարդվել մուտքի դռան ապակին:

Գյուլագարակում 4000-ից ավելի ընտրող է մասնակցել քվեարկությանը, որոնց 43.3 տոկոսը քվեարկել է իշխող կուսակցության օգտին: «Ուժեղ Հայաստանին» 43.9 տոկոս ձայն են տվել: Եվս 4.1 տոկոս «Հայաստան» դաշինքն է ստացել, 2.4 տոկոս՝ «Բարգավաճ Հայաստանը»:

Լոռու մարզում թվերը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին չեն եղել նաև Տաշիր և Ստեփանավան քաղաքներում: Տաշիրում, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդավայրն է ու անցած տարիներին նա այստեղ բարեգործություններ է արել, այս կուսակցությունը 73 տոկոս ձայն է ստացել, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 22.5 տոկոս:

Դեռ քվեարկության օրը, երբ տեղամասերից ստացվում էին առաջին տվյալները, Տաշիրում «Քաղաքացիական պայմանագրի» շտաբը ղեկավարած Արամ Խաչատրյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է ու Լոռու նախկին մարզպետը, «Ազատությանն» ասել էր, թե իր համար սպասելի է, որ «Ուժեղ Հայաստան»-ը Տաշիրում հաղթելու է:

«Այո, սպասելի էր: Նույնիսկ կասեմ՝ սպասածից ավելի շատ մեզ համար, մեր թվերի մասին է խոսքը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը ծնունդով Տաշիրից է, սա է հիմնական պատճառը, որ իրենք ունեն առավելություն»,- ասել էր Արամ Խաչատրյանը:

Նախընտրական քարոզարշավի օրերին իշխանականները պնդում էին, որ չնայած «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը տաշիրցի է, բայց իշխող ուժն էլ այստեղ քիչ ձայն չի ունենա: Քվեարկությունից անմիջապես հետո ՔՊ-ի Տաշիրի շտաբի պետ Արամ Խաչատրյանը, որ նույնպես տաշիրցի է, մոտավոր հաշվարկներ էր արել ու իրենց կուսակցության համար մոտ 30 տոկոս ձայն էր ակնկալում, բայց անգամ այդ հույսը չարդարացվեց՝ 22,5 տոկոս ստացան, նրա խոսքով.- «Այո, մենք ասել ենք և հիմա էլ արձանագրում ենք, որ քիչ ձայներ չունենք»:

«Քաղաքացիական պայմանագրի» ստացած ձայներն ամենաբարձրը՝ 60 տոկոս գրանցվել է Փամբակում: Գրեթե 50 տոկոսի են հասել Վանաձորում: 50 տոկոսից ավելի քվե է ստացել Սպիտակում, Ալավերդիում, Թումանյանում և Լոռի Բերդում:

Ձայները իշխանության օգտին չէին Ստեփանավանում, չնայած այստեղ քարոզչությանը մեծապես ներգրավված էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը:
Լոռու բոլոր համայնքներում ՔՊ-ական ղեկավարներ են, բացառությամբ Տաշիրի: Վանաձորն արդեն 4 տարի ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնակատարը, ով, սակայն, ՔՊ-ականների քարոզչությանը չի մասնակցել, Վանաձորում ՔՊ-ի հանրահավաքին ներկա չէր: