Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է

Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել. երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:

Որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված զբոսաշրջիկի լուսանկարից: Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարսպապատված է որպես շինհրապարակ: Լուսանկարը փետրվարին է արվել:

«Ազատության» ադրբեջանական ծառայությունը Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի արտգործնախարարությանը, հարցն առայժմ անպատասխան է:

Որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը անհետացել է, առաջինը նկատեց Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից կարմիր տաճարը շատ լավ էր երևում, նաև «Պարկ հոթել» հյուրանոցի կողքին էր:Հհիմա հյուրանոցը երևում է, տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում:

«Ալիևի ռեժիմն ամեն ինչ է քանդելու», եթե Հայաստանի իշխանությունը շարունակի խրախուսող հռետորաբանությունը, ասում է «Արցախ միության» ղեկավար Արտակ Բեգլարյանը. «Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է գործարկի միջազգային մեխանիզմները, Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի ու ասի, որ սա վնասում է խաղաղության գործընթացին, սա բարեկամության կամ հարաբերությունների կարգավորման ոգուն ընդհանրապես հարիր չէ, բայց այս ամենի համատեքստում տեսնելով մի կողմից ադրբեջանական շարունակական ցեղասպանական քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների խրախուսական հռետորիկան կրկին հայկական մշակութային ժառանգության չպահպանման, չպաշտպանության առումով, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այս պարագայում մեղսակցում են, ու առաջին հերթին իրենց անգործության պատճառով միջազգային մեխանիզմները չեն գործում։ Այլապես ոչ մի այլ երկիր Հայաստանի Հանրապետությունից ավելին չի անելու հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար»։

Արցախում հայկական հուշարձանների ոչնչացմանը հետևող կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրում են, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները Արցախի հարցի հետ փակել են նաև հուշարձանների ոչնչացման հարցը:

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական ամբողջ մշակութային ժառանգության համար, անկախ նրանից, թե որտեղ է ինքը գտնվում, դա սահմանադրորեն ամրագրված դրույթներից մեկն է», - ասում է Շահվերդյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արցախի Մայր տաճարը չկա». հերթական ահազանգը

Ըստ Բեգլարյանի՝ միայն հայտարարություններն էլ չեն զսպի Ալիևին, անհրաժեշտ են գործնական քայլեր:

«Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շատ ուղիղ ասի, բանակցային սեղանին դնի այս հարցը ու ասի՝ որպես միջնորդ ապահովիր, որ մյուս կողմը հակամարտության իրեն պահի խաղաղության ոգուն համապատասխան, այլապես ես չեմ կարող, օրինակ, հայ ժողովրդի, Հայաստանի հասարակությանը համոզել, որ խաղաղություն է եկել, իհարկե ԱՄՆ-ն այդ պարագայում գործնական ճնշում կգործադրի», - նշեց նա։

Ստեփանակերտի մայր տաճարի ավերմանը ոչ միայն հայաստանյան պետական կառույցներից արձագանք չկա, լուռ է նաև Արցախի թեմը, որի առաջնորդը՝ Վրթանես եպիսկոպոսը Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարեփոխման գործին է միացել:

Բաքվի կռիվը հուշարձանների հետ նորություն չէ՝ արդեն ավերված են Լաչինի, Ջաբրայիլի, Աղավնոյի, Մոխրենեսի եկեղեցիներն ու մատուռները, հողին է հավասարվել Շուշիի Կանաչ ժամը: Հնագույն հայկական համալիրները Բաքուն աղվանական է դարձնում, իսկ անկախության շրջանում կառուցված եկեղեցիները, ըստ ադրբեջանական կողմի, ապօրինի շինություններ են: Գլխավորը Արցախի հայկական դիմագիծը վերանա, ասում է Բեգլարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախում արձանագրվել է հայկական եկեղեցու հերթական վանդալիզմի դեպքը

«Չասեմ առաջին հերթին, բայց մեծապես թիրախավորել այն, եթե եկեղեցիների մասին ենք խոսում, այն եկեղեցիները, որոնք անկախության տարիներին են կառուցվել», - նկատեց նա։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իշխող թիմի ներկայացուցիչ Էլնարա Ախիմովան «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է՝ «Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք»:

Հնարավորություն չունենք տիկին Ախիմովային հարցնել՝ ո՞ւր է 18-րդ դարի Կանաչ ժամը Շուշիում: Ադրբեջանցի խորհրդարանականը Ստեփանակերտի մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է՝ դա դեռ պիտի ճշտվի: Ըստ նրա՝ «հայերն են քանդել իրենց մզկիթները օկուպացիայի» 30 տարիների ընթացքում:

«Ակնայում գրեթե ամեն ինչ քանդված էր, բացի մզկիթից։ Եթե մենք քաղաքականություն ունենայինք ոչնչացնելու մզկիթները, ամբողջ ավերված քաղաքում կպահեի՞նք մի մզկիթ», -ասաց «Արցախ միության» ղեկավարը՝ պնդելով՝ մահմեդական որևէ հուշարձան չի ոչնչացվել: Դրանցից շատերը վերականգնվել են, Շուշիի Գյովհար աղայի մզկիթը վերականգնվել է այն մարդու աջակցության, ով այժմ ադրբեջանական բանտում է՝ Ռուբեն Վարդանյանն է: