Ծառուկյաններին պատկանող «Արարատցեմենտ»-ը շատ շուտով լինելու է պետական, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը, մյուս օրը... «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի օրինակն եմ ուզում հիշեցնել։ Ես Կապանում զգուշացրեցի՝ այն մարդիկ, որոնք պատվերով գործողություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին ասացի, օգոստոսին ազատված էին, մի մասն էլ դատվել է», - հիշեցրեց վարչապետը։
Նա «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներին խնդրեց «չմտնել այնպիսի դաշտեր, որ հետո տարիներով այս նույն ցիկլի մեջ չմտնենք»․ «Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, մարդկանց վրա ճնշում կգործադրեն և այլն, ազատվելու են աշխատանքից»:
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել են գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու գործարանն արդեն չորրորդ օրն է չի աշխատում։
Ծառուկյանների ընտանիքին պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։
«Արարատցեմենտի» աշխատակիցների պնդմամբ՝ իրավապահները գործարան են եկել հերթափոխի ժամին, խուզարկել տարածքը, կապարակնքել վարչական շենքն ու հեռացել՝ առանց հստակ բացատրության։
Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին և նրա ձերբակալությանը զուգահեռ կապարակնքվել են նաև Ծառուկյանների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ, այդ թվում՝ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը, «Մուլտի Սթոունը», «Մուլտի Վելնեսը», Օլիմպավանը և «Փարավոն» ռեստորանը։