«Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» գործարանի կառավարիչ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգյանը 2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, 2018-2021 թվականներին եղել է Արագածոտնի մարզպետ, 2022-ի նոյեմբերին էլ նշանակվել է վարչապետի օգնական։

Հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն անցել է պետությանը: Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

«Արարատցեմենտ»-ի հնարավոր պետականացումը նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թերևս հիմնական թեզերից էր: Մինչ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության հասնելու մասին հայտարարելով քարոզարշավ էր իրականացնում, վարչապետ Փաշինյանն ուղիղ սպառնում էր՝ Ծառուկյանը կզրկվի ազատությունից և իր կարողություններից:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են:

ԲՀԿ առաջնորդին պատկանող ամենախոշոր ակտիվներից «Արարատցեմենտ»-ը ևս այդ ընկերությունների շարքում էր, թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին: