Առաջին անգամ ՀՀ է ժամանել Միջազգային քրեական դատարանի գործող նախագահը

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հայաստանը 2024-ի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը՝ Արևելյան Եվրոպայի խմբից։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպմանը կողմերը կարևորել են «երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավոր Տոմոկո Ականեն երեք տարի ժամկետով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահի դատավոր է ընտրվել 2024-ին:

2023-ի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։

Այս որոշումից օրեր անց Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հրամանն արձակած դատախազի և ՄՔԴ երեք դատավորների, այդ թվում՝ Տոմոկո Ականեի նկատմամբ, չորս ամիս անց էլ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։