Արաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է պատերազմի զարգացումները քննարկելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ այս այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Աբբաս Արաղչին ասել է, որ Պակիստանում վերջերս կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են այն պայմանները, որոնց դեպքում կարող են վերսկսվել Իրան-ԱՄՆ բանակցությունները՝ ընդգծելով, որ Թեհրանը կձգտի պաշտպանել իր իրավունքներն ու ազգային շահերը: Արաղչին նաև հայտնել է, որ Թեհրանն ու Մասկատը պայմանավորվել են փորձագիտական մակարդակում շարունակել քննարկումները Հորմուզի նեղուցի շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Պակիստան նախատեսված այցը՝ Իրանի հետ խաղաղ բանակցություններին մասնակցելու համար:

Իրանը հայտարարել էր, որ իր թիմը չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ և փոխարենն իր մոտեցումները կփոխանցի Պակիստանի միջոցով: