«Անօրինական ոչ մի լումա չունի». Սերժ Սարգսյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Հայաստանի երրորդ նախագահը անօրինական ոչ մի լումա չունի, Սերժ Սարգսյանի փաստաբանն այսպես է արձագանքում Հակակոռուպցիոն դատարանի որոշմանն ու այն որակում՝ հիմնազուրկ:

«Դատական ակտը, մեր համոզմամբ, օրինական չէ, հիմնավորված չէ, պատճառաբանված չէ», - ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է, որ Հայաստանի նախկին ղեկավարից հօգուտ պետության պետք է բռնագանձել շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի: Նրան պատկանող գույքը ապօրինի է համարել Գլխավոր դատախազությունն ու այդ գույքը բռնագանձելու հայցով դիմել էր դատարան: Գործը դատարանը քննում էր 2023 թվականից ու օրերս մասնակի բավարարել է հայցը: Որոշումը բողոքարկելու են, ասաց Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ըստ Հակակոռուպցիոն դատարանի՝ գումարից բացի պետք է բռնագանձեն Երևանի Կենտրոնում՝ Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38 տոկոսը, նույն փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38 տոկոսն ու ևս մեկ ավտոկայանատեղի: ենթադրվում է, որ խոսքը Սարգսյանի դստերը պատկանող բնակարանի մասին է:

Ի՞նչ է նշանակում բնակարանի 38 տոկոսը ապօրինի ծագման է, իսկ մյուս 62-ը՝ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է բռնագանձեն բնակարանի այդ մի հատվածը: Գլխավոր դատախազության հաղորդագրությունում այս մասին մանրամասներ չկան: Սարգսյանի փաստաբանն էլ դեռ չի ուզում խոսել այս որոշումից, քանի դեռ չեն բողոքարկել:

«Այն, ինչ ներկայացված է հայցում, իրականության հետ կապ չունի, պարոն նախագահին պատկանող գույքերն ամբողջությամբ հիմնավորվում են օրինական եկամուտներով», - ընդգծեց Մակինյանը:

Այս ակտը չի բխում գործում ներկայացված փաստական նյութերից, ասում է փաստաբանը՝ պնդելով որոշումը կայացրել են առանց հաշվի առնելու պաշտպանական կողմի փաստարկներն ու ապացույցները:

Հայաստանի երրորդ նախագահը նաև չորս քրեական գործերով է մեղադրյալ, դրանք հիմնականում առնչվում են իր պաշտոնավարման տարիներին: Վառելիքի յուրացման գործով 2 տարի առաջ արդարացվեց, բայց դատախազությունը բողոքարկել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երրորդ նախագահի դեմ չորրորդ գործը դատարանում

2020 թվականին ուժի մեջ մտած օրենքով Գլխավոր դատախազությունը նախկին պաշտոնյաներից ապօրինի գույքի բռնագանձման մի շարք հայցերով դիմել է դատարան: Դատարանում տասնյակներով գործեր կան ու պահանջվող գումարը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը:

Դատարանում իրենց ունեցվածքի ծագման օրինականությունը պետք է հիմնավորեն նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա պաշտպանն էլ է պնդում, որ անօրինական ոչ մի գույք չունի: Ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ըստ դատախազության՝ անցած տարվա տվյալներով՝ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը հասել է 155-ի: Կան մի քանի հաշտության համաձայնություններ, երբ նախկին պաշտոնյաները ինքնակամ պետությանն են վերադարձնում իրենց գույքը: Նրանց թվում է վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որ պատգամավոր դարձավ ընդդիմության ցուցակով, հետո լքեց ընդդիմադիր խմբակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 630 մլն դրամ և անշարժ գույք«Բնականաբար հայտնի գույքեր են». Գլխավոր դատախազը հայտարարում է՝ Սևանի ափին գտնվող սեփական կառույցները քանդելու գործընթաց են սկսելՄեկնարկեց Սերժ Սարգսյանի ու նրա դուստրերի ունեցվածքի օրինականության հարցով դատավարությունը Երրորդ նախագահն ու դուստրերը դատարանում պետք է ապացուցեն իրենց ունեցվածքի օրինականությունը