Անօդաչուները մեկ օրում 3 անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքը

Իրավապահներն աշխատում են Ֆլորեշտի շրջանի Չերնիցա գյուղի մոտ, որտեղ անօդաչու թռչող սարք էր կործանվել, 24-ը սեպտեմբերի, 2026 թ, Մոլդովա,

Անօդաչու թռչող սարքերը երեկ երեք անգամ խախտել են Մոլդովայի օդային տարածքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարք է ներխուժել: Գործակալության տվյալներով՝ անօդաչուն նկատվել է առավոտյան ժամը 5:40-ի սահմաններում, իսկ ավելի ուշ կործանվել է Անենի Նոյ շրջանում:

Օրվա ընթացքում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ անօդաչու թռչող սարքի ներխուժման մասին։ Այն երկրի օդային տարածք է մտել արևելքից՝ չճանաչված Մերձդնեստրի տարածքով։

Պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին հայտարարել է, որ սա նմանատիպ 84-րդ միջադեպն է։ «Ռուսաստանի Դաշնությունը վտանգում է մեր քաղաքացիների կյանքը՝ անկախ նրանից, թե Դնեստրի որ կողմում են նրանք գտնվում կամ ինչ լեզվով են խոսում», - ասել է Նոսատին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռումինիան և Մոլդովան հայտնել են իրենց տարածքներում անօդաչուների կործանման մասին

Երեկոյան երկրի իշխանությունները հայտնել են օրվա ընթացքում իրենց օդային տարածքի երրորդ խախտման մասին: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը հատել է Մոլդովայի սահմանը մոտավորապես ժամը 20:45-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակումների ֆոնին: Հայտնաբերումից հետո իշխանությունները ժամանակավորապես փակել են օդային տարածքը երկրի կենտրոնական հատվածում:

Մոլդովան իր օդային տարածքի մասին հաղորդել էր նաև սեպտեմբերի 24-ին: Նույն օրը Ռումինիան ևս հայտնել էր, որ իր օդայինտ արածքը խախտվել է:

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքը կործանվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սուչավա շրջանի Սոլկա քաղաքի մոտակայքում։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը երկրի օդային տարածքում մնացել է մոտ չորս րոպե։ Դրա կործանման հետևանքով ոչ ոք չէր տուժել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական ուղղաթիռը հայտնվել է Լեհաստանի օդային տարածքում

Դրանից մեկ օր առաջ էլ ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռ էր խախտել Լեհաստանի օդային տարածքը, ինչի կապակցությամբ օդ էին բարձրացվել կործանիչներ: Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր, որ ուղղաթիռը սահմանը խախտել է Կալինինգրադի կողմից, մուտք է գործել Լեհաստանի տարածք մոտ 300 մետր և այնտեղ մնացել 42 վայրկյան: