Անտառային հրդեհներ Վրաստանում

Արխիվային լուսանկար

Վրաստանի արևմուտքում՝ Իմերեթիի շրջանում անտառային հրդեհներ են ծագել։

Երկրի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով՝ կրակը բռնկվել է Բաղդատի քաղաքից ոչ հեռու գտնվող անտառապատ հատվածում։ «Այս պահին կրակի դեմ պայքարում է շուրջ 200 հրշեջ»,- հաղորդում է գերատեսչությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռներ։ Վրացական իշխանությունների պնդմամբ՝ կրակի տարածման վտանգ չկա, ուստի հրդեհի գոտուն հարակից բնակավայրերի տարհանման անհրաժեշտություն առայժմ չի ծագել։