Չեղարկված թռիչքների պատճառով տարբեր երկրներում մնացած Հայաստանի քաղաքացիները շարունակում են անորոշության մեջ սպասել: Դուբայ, Աբու Դաբի, Դոհա, շատերն էլ այս քաղաքներից տարանցմամբ ավելի հեռու՝ Շրի Լանկա, Հնդկաստան:
Կառավարությունն առայժմ միայն առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան իրականացվող թռիչքներից, որոնց գները սկսվում են հազար եվրոյից:
Վերջին օրերին Մասկատից երկու օդանավ է ժամանել Երևան, առաջին թռիչքի տոմսեր գնել է Հայաստանի ընդամենը 15 քաղաքացի, իսկ անցած գիշեր օդանավը 90-ից ավելի հայաստանցիների է բերել: Վաղվա ամենամատչելի տոմսը 1200 եվրո է:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում հիշեցրեց՝ պետությունը միայն ապահովել է, որ մարդիկ ցամաքային ճանապարհով հասնեն Մասկատի օդանավակայան. «Կառավարությունը վճարում է ավտոբուսի համար և ավտոբուսով հասցնում է Դուբայից, օրինակ, Մասկատ օդանավակայան, որտեղ կառավարությունը նաև ստացել է թռիչքի թույլտվությունը, մնացածը մասնավոր ընկերության հարց է: Ասում եք՝ գներ բան են եղել, բայց մենք բանակցել ենք ավիաընկերությունների հետ, եկեք արձանագրենք, որ նույն սովորական թռիչքուղով չի թռնում ինքնաթիռը, փակ է այդ ամբողջը: Դա նշանակում է՝ կրկնակի, եռակի ժամանակ օդում, ըստ այդմ նաև ծախսեր և այլն»:
Մասկատից չարթերային թռիչքներն իրականացնում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone Armenia ընկերությունը: Նախարար Միրզոյանն ասում էր՝ իր ղեկավարած գերատեսչությունը գներով չի զբաղվում, բայց հստակեցրեց՝ հիմնականում վճարունակ մարդիկ են հայտնվել այս իրավիճակում:
«Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակներով: Կարան լինեն, իհարկե, այլ պատճառներ, բայց կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի բարդ, որ մի ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, կարող տոմս գնել: Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ՝ նաև էդ տոմսը առնել, նաև էն: Կլինե՞ն այլ խմբեր, խավեր, կդիտարկենք բնականաբար նաև ֆինանսական բեռը մեր վրա վերցնելու հարցը», - նշեց Միրզոյանը:
Դուբայում ընտանիքի հետ հանգիստն անցկացնող Աշոտ Համբարձումյանը, որ մարտի 2-ին պիտի վերադառնար, սպասում է հյուրանոցում՝ սեփական միջոցներով. «Մի ընտանիքի համար, որը եկել է 3-4 օրով հանգստանալու, հետադարձ տոմսն արժի 1500 դոլար, Արտգործնախարարությունը երբ հայտարարություն էր տարածում, որ ՀՀ քաղաքացիներին պետք է օգնեն, որ դուրս գան այս իրավիճակից, դա քաղաքացու հաշվին դուրսբերում է պատերազմական իրավիճակից: Ինչքանո՞վ է դա արդարացված: Դիմում ես դեսպանատուն, դեսպանատունը ասում է՝ «խնդրում եմ՝ զանգահարեք էս համարով, տոմսը վերցրեք, ով տոմս ունի, կտարհանենք, ով՝ չէ, ինչ ուզում եք արեք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թանկ չվերթներ և փակ օդային տարածք. Մուսկատ-Երևան չվերթով ընդամենը 15 ՀՀ քաղաքացի է վերադարձելՈւստի Համբարձումյանները մտադիր են դեռ սպասել Դուբայում. գուցե առաջիկա օրերին պատերազմն ավարտվի ու ավիաընկերությունը, որից գնել են վերադարձի տոմսը, վերականգնի թռիչքը:
«Անմարդկային թանկ է, ոչ բոլորին հասանելի։ Չկա՞ մի հոգի վերահսկի այս ամեն ինչը, որպեսզի մարդիկ կարողանան այս իրավիճակից դուրս գան ու վերադառնան հայրենիք։ Եթե ես պետք է վճարեմ անձը 1002-1500 դոլար ու հետադարձ տոմս առնեմ, ես իմ ընտանիքով եմ, դա բավականացնում է մոտավորապես մի 10 օր այստեղ ապրելու: Է՞դ ա մեր Հայաստանի Հանրապետության մտածելակերպը, որ հարգելի քաղաքացի, եթե ունես փող, հետ արի, ունես, ոնց ուզում ես մնա», - նշեց նա։
Flyone Armenia-ից Արտգործնախարարին տեղեկացրել են, որ Մասկատից թռիչքի ինքնարժեքը 170 հազար դոլար է, սրանով էր նա բացատրում բարձր գները: Ընդ որում Հայաստանի քաղաքացիներն արգելափակված են աշխարհի տարբեր անկյուններում, որտեղից անգամ Օման հասնելն է բարդ:
«Իսրայելում ունենք 15 քաղաքացի, որոնցից հինգի հետ մշտական կապի մեջ ենք։ Ուզում են վերադառնալ, Քուվեյթում ունենք17 քաղաքացի, նրանց հետ կապի մեջ ենք, ուզում են վերադառնալ, առայժմ հնարավոր իրատեսական ուղիներ չկան, բայց բոլորը անվտանգ են: Դոհայում ունենք քաղաքացիներ, առայժմ վերադառնալու հնարավորություն չկա, բայց բոլորը ապահովված են հյուրանոցներով, սնունդով: Հնդկաստանում ունենք 117 քաղաքացիներ, որոնք այնտեղ են տուրիստական նպատակներով և «Սևան սթարթափ սամմիթ»-ի ծրագրի շրջանակներում, ուղիներ ենք փնտրում նրանց վերադարձնելու, Շրի Լանկայում ունենք քաղաքացիներ: Բոլոր տեղերում նախ կապ ունենք, և երկրորդ՝ փորձում ենք, հաճախ ստացվում է, մյուս տեղերում ուղղակի անհնար է, որովհետև թռիչքների փակ զոնա է», - ասաց Միրզոյանը:
Արդյո՞ք առաջիկա օրերին այս ուղղություններից ևս կլինեն չարթերային թռիչքներ, որպեսզի իր թված մարդիկ ի վերջո տուն հասնեն, նախարարը չհստակեցրեց: