Աննա Հակոբյանի՝ Մխիթար Հայրապետյանին առնչվող հայտարարությունից հետո պետք է քրգործ հարուցվի. Իոաննիսյան

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարում է՝ «Անկախ դիտորդ» դաշինքի և դրա անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին: Պնդում է, թե դիտորդական կազմակերպության հայտարարությամբ խախտվել է իր՝ Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները, նաև Քրեական օրենսգիրքը:

«Անկախ դիտորդ»-ից անցած շաբաթ հայտնեցին, թե դատարան են դիմել՝ Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով: Նրանց գնահատմամբ՝ նախընտրական փուլում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը խախտել է բարեգործության արգելքը:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել՝ նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը՝ մեկ, և երկրորդ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով», - այսօր ասուլիսին ասաց Աննա Հակոբյանը։

Հակոբյանը, որ տևական ժամանակ է՝ մամուլի ասուլիսներ չի հրավիրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը եկավ օրենքներից, Սահմանադրությունից և միջազգային կոնվենցիաներից մի շարք մեջբերումներ առանձնացրած: Ասաց՝ վճռական է՝ պաշտպանելու իր խախտված իրավունքները՝ նախ որպես ընտրող, հետո որպես քաղաքացի, կին և հիմնադրամի գործադիր տնօրեն. «Կոնվենցիայի երրորդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, կամ անմարդկային, կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, կամ պատժի, ինչը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի, ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման և նվաստացման ձևերը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բարեգործության արգելքի խախտում՝ առանց հանցակազմի». դիտորդներն ընդդեմ վարչապետի տիկնոջ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումների հատկապես այս խախտումը, որ, ըստ Աննա Հակոբյանի, թույլ է տվել դիտորդական առաքելությունը, զարմացրեց Դանիել Իոաննիսյանին:

«Կոնվենցիոն իրավունքները կարող են խախտվել պետության կողմից։ Առհասարակ ինձ թվում է, որ այս առումով ինչ-որ թերընկալումներ կան։ Ես ամենայն հարգանքով տիկին Հակոբյանի նկատմամբ, ընդ որում առանց հեգնանքի եմ ասում հարգանքով, մենք իրար հետ մի քանի տարի աշխատել ենք «Հայկական ժամանակ» թերթում: Ինձ թվում է՝ իրեն իրավաբան է պետք, որ իրեն կներկայացնի, թե ինչ է խոշտանգումը, և առհասարակ ով կարող է թեկուզ տեսականորեն խոշտանգված չլինելու իրավունքը անձի խախտել, իսկ ով նույնիսկ տեսականորեն չի կարող այդ իրավունքը խախտել», - ասաց նա։

«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչը նշանակում է, որ ընտրությունների օրվա նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։ Օրենքով այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են կուսակցությունների կողմից, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն իրականացնել:

Հակոբյանն այսօր պնդեց՝ եթե անգամ «Իմ քայլը» հիմնադրամը ասոցացվում է իշխող կուսակցության հետ, միևնույն է՝ օրենք չեն խախտում. «Փաստերը նրա մասին են, որ «Իմ քայլը» հիմնադրամի ո՛չ գործադիր տնօրենը, ո՛չ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում «Բարեգործության մասին» օրենքը»։

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Լենա Նազարյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, իսկ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, ընդգրկված է նախընտրական ցուցակում: Հակոբյանը սա խնդրահարույց չի համարում, ավելին՝ հարցնում է՝ եթե հիմնադրամի ծրագրերը դիտորդական առաքելությունը հիմա գնահատում է խախտում, ինչո՞ւ 2022-ին, երբ հենց ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանն էր հիմնադրամի գործադիր տնօրենը, զուգահեռ ՏԻՄ ընտրություններ էին, իսկ «Իմ քայլը» հիմնադրամն» էլ նույն փուլում բարեգործական ծրագրեր էր իրականացնում, «Անկախ դիտորդը» չէր բարձրաձայնում այդ մասին:

«Եվ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը ևս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում», - ասաց Հակոբյանը:

Դիտորդական խմբի անդամ Իոաննիսյանն ընդունեց՝ գուցե վրիպել են, բայց և հավելեց՝ եթե Աննա Հակոբյանի ասածներն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա իրավապահները պետք է քրեական գործ հարուցեն: Ըստ նրա՝ Աննա Հակոբյանի նկարագրածը քրեական պատասխանատվության ենթակա արարք է:

«Եթե այն ժամանակ դա տեղի է ունեցել, եթե տիկին Հակոբյանը պնդում է, որ այն ժամանակ այդ երևույթը տեղի է ունեցել, և այն ժամանակ ուրեմն գործադիր մարմնի ղեկավարը եղել է կուսակցության անդամ, դա նույնիսկ վարչական իրավախախտում չէ, դա Քրեական օրենսգրքով արգելված արարք է՝ 221 հոդվածով, և ուրեմն թող իրավապահները քրեական գործ հարուցեն այդ դեպքով», - նշեց Իոաննիսյանը։

Աննա Հակոբյանն այսօրվա ասուլիսին պարբերաբար կոչ էր անում փայփայել օրենքներն ու Սահմանադրությունը: Մոտ մեկ տարի առաջ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին «մանկապիղծ» անվանած վարչապետի տիկինը նաև կոչ էր անում պնդումներ անելիս հիմնվել փաստերի վրա: Իսկ իր արած այս պնդումն արդյոք փաստերի հիման վրա էր, թե ոչ, պարզել հնարավոր չեղավ, ասուլիսի թեման միայն հիմնադրամի գործունեությունն էր: Միակ փաստը մինչ օրս նրա այդ պնդման վերաբերյալ այն է, որ այդ մեղադրանքով որևէ բարձրաստիճան հոգևորականի դեմ հարուցված գործ չկա: