Թուրքիան ցանկանում է և պատրաստ է ցանկացած դեր խաղալ՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանն ու այս երկրի վերականգնմանը, թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «անհապաղ զինադադարին»՝ Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է՝ «պոտենցիալ խաղաղության ծրագրի իրագործումը բարդ խնդիր է, բայց արժե փորձել»։
Ըստ Ֆիդանի՝ նախևառաջ անհրաժեշտ է պատրաստել կենսունակ և երկարաժամկետ խաղաղության ծրագիր։
«Այս պահին ԱՄՆ վարչակազմը, եվրոպացիները, մենք․ մենք բոլորս աշխատում ենք հնարավոր հրադադարի և խաղաղության ծրագրի տարբեր ասպեկտների շուրջ: Այդուհանդերձ հույժ անհրաժեշտ է կարճաժամկետ արտակարգ հրադադարի համաձայնեցումը երկարաժամկետ ռազմավարական խնդիրների լուծման հետ: Սա հենց այն է, ինչի շուրջ մենք հիմա աշխատում ենք», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ընդգծելով, որ Անկարան իր տարածքում հրադադարի բանակցություններ անցկացնելու առաջարկ է արել՝ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան պատրաստ է կազմակերպել այդ բանակցությունները։
«Իդեալական աշխարհում մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը։ Բայց հիմա պատերազմ է գնում, և, ցավոք, պատերազմի այս պահին մենք պետք է որոշակի ընտրություն կատարենք, որոշ տհաճ որոշումներ կայացնենք»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այժմ բոլոր կողմերը կենտրոնացած են առաջնահերթությունների մշակման վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ուշ երեկոյան ժամանել է Անկարա։ Նա կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ըստ թուրքական կողմի՝ քննարկումների օրակարգում նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններն են։
2024-ի դեկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ 2025-ին Ստամբուլի համար «առաջնահերթություն» է Ուկրաինայում պատերազմի ավարտը։
Զելենսկի-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների այսօր նախատեսված բանակցությունների ֆոնին, իսկ Եվրոպական երկրների ղեկավարները նախօրեին Փարիզում էին՝ Ուկրաինայի հարցով արտահերթ հանդիպման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպայի առաջնորդները հանդիպում են Փարիզում, Ռուբիոն և Լավրովը՝ Ռիյադում