Ոչ մի այլընտրանքային երթուղի երբեք չի կարող փոխարինել Վրաստանի յուրահատուկ ռազմավարական դերը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
«Ներկայումս ինտենսիվ բանավեճ է ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման վերաբերյալ, և մենք կարող ենք շատ պարզ և հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք զարգանան, և մեր տարածաշրջանում նոր երթուղիներ հայտնվեն, մեր տարածաշրջանի արժեքը կապի առումով միայն կաճի։ Բայց ուղղակի անհնար է, որ որևէ երթուղի կարողանա փոխարինել Վրաստանին՝ հաշվի առնելով, որ այդ միջանցքը գոյություն ունի, գործում և զարգանում է այսքան տարի», - ասե է նա:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի ռազմավարական դիրքը երկիրը դարձնում է անփոխարինելի տրանսպորտային հանգույց տարածաշրջանային կապերի տեսանկյունից:
«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ ադրբեջանա–հայկական հարաբերություններն օգտագործելու, երկիմաստություն ստեղծելու կամ բարդ հարցեր դնելու որոշ կողմերի փորձերին, մենք այդ ամենը հստակ տեսնում ենք, դա չենք դիտարկում որպես մրցակցություն Վրաստանով անցնող երթուղու համար», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: