Անհետացա՞ծ, թե՞ զոհված․ ՌԴ-ն գումար է խնայում՝ անհետ կորած զինվորներին դասալիք գրանցելով

Ռուս-ուկրաինական պատերազմ, սեպտեմբերի 11,2022թ.

Մարինայի որդուն 2025 թվականի հուլիսի 20-ին ուղարկել էին Ուկրաինայում մարտական առաջադրանք կատարելու։ Նույն օրը նա ռազմաճակատից լուսանկար էր ուղարկել և հայտնել, որ թեթև վիրավորում է ստացել՝ իր մոտ անօդաչու թռչող սարքի պայթյունի ժամանակ:

Տասը օր անց որդու զորամասի մի սպա Մարինային վստահեցրել է, որ տղան լավ է, և երբ հնարավորություն ունենա, կապ կհաստատի նրա հետ։ Այս մասին Մարինան պատմել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը՝ խնդրելով չհրապարակել իր ազգանունը՝ Ռուսաստանի իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելու համար։

Սակայն նա այդ ժամանակվանից ի վեր լուր չի ստացել որդուց։ Եվ երբ նա օգոստոսին զանգահարել էր Պաշտպանության նախարարության թեժ գծին՝ որդու մասին տեղեկություններ ստանալու, իմացել է, որ որդուն հուլիսի 23-ից գրանցել են որպես առանց թույլտվության բացակայող:

Ավելի քան մեկ տարի անց Մարինան վախենում է, որ որդին մահացել է։ Նա նաև կասկածում է, որ ինքն այն բազմաթիվ ռուսաստանցիներից մեկն է, որոնց որդիներին, ամուսիններին կամ հայրերին դասալիք են հայտարարում, թեև մեծ է հավանականությունը, որ նրանք իրականում զոհվել են կամ անհետ կորել մարտական գործողությունների ընթացքում։

Նման խաբեության հիմնական շարժառիթը գումարն է․ զինծառայողին դասալիք հայտարարելու դեպքում նրա աշխատավարձի վճարումը դադարեցվում է, իսկ ընտանիքի անդամները զրկվում են զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատներին տրվող վճարներից, ինչպես նաև այնպիսի արտոնություններից, ինչպիսիք են երեխաների՝ կրթական հաստատություններ ընդունվելիս արտոնյալ պայմաններից օգտվելու իրավունքը՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

Սիբիրի Կեմերովոյի շրջանում բնակվող Մարինան անցած ամռանը իրավական գործընթաց էր նախաձեռնել՝ որդու կարգավիճակը փոխելու համար, դարձնելով՝ «անհետ կորած» կամ «մարտական գործողությունների ժամանակ զոհված»։ Նա հայտնել է, որ այն նույն սպան, որը 2025 թվականի հուլիսին իրեն վստահեցրել էր, որ որդին լավ է, միայն վերջերս է սկսել պատասխանել իր հարցերին և ասել է, որ այն մարտական դիրքից, որտեղ որդին ուղարկվել էր առաջադրանք կատարելու, զինծառայողներին տարհանել հնարավոր չի եղել։

«Ուրեմն ինչպե՞ս կարող էր նա իր կամքով լքել այդ տարածքը։ Այնտեղ մինչ օրս էլ ինտենսիվ մարտեր են ընթանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է մայրը:

Մարինան արդեն երկու փաստաբան է փոխել, գործի վրա ծախսել է մոտ 200 հազար ռուբլի (2,500 դոլար), գործը վերջապես հասել է դատարան։

«Շատ զինծառայողների կանայք և երեխաներ այդ գումարը չունեն՝ իրավական ճանապարհով իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Նրանք բողոքներ են ուղարկում զորամաս և պաշտպանության նախարարություն, սակայն գրեթե երբեք որևէ արդյունքի չեն հասնում»,- ասում է Մարինան:

Ռոստովի մարզում բնակվող Լարիսան ամուսնու աշխատավարձը չի ստացել այն պահից, երբ անցած դեկտեմբերին նրան գրանցել են որպես առանց թույլտվության բացակայող։ Լարիսան, որը զբաղված է երկու երեխաների խնամքով, ասում է, որ չունի ոչ ժամանակ, ոչ էլ միջոցներ՝ նրա կարգավիճակի փոփոխության համար պայքարելու։

«Հոգուս խորքում հույս ունեմ, որ ամուսինս գերի է, բայց հասկանում եմ, որ, ամենայն հավանականությամբ, նա մահացել է։ Նրա ծառայակիցներն ասել են, որ այն վայրը, որտեղ նա եղել է, այնքան դժվարին իրավիճակում էր, որ նա գրեթե ոչ մի շանս չուներ», - «Ազատությանը» ասել է նա։ «Հրամանատարը խոստովանել է, որ ամուսինս մարտական առաջադրանք էր կատարում և փախչելու տեղ չուներ։ Բայց, այնուամենայնիվ, նրան գրանցել են որպես առանց թույլտվության բացակայող»։

Ուկրաինա լայնածավալ ներխուժումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց 2022 թվականի փետրվարին:

Բարձր աշխատավարձերն ու այլ վճարումները, այդ թվում՝ հարազատներին մահից հետո տրամադրվող նպաստները, ռուս տղամարդկանց համար կարևոր խթան են եղել՝ պայմանագրային զինծառայություն ստանձնելու և 1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենաարյունալի պատերազմին մասնակցելու համար։

Սակայն պատերազմի՝ հինգ տարվա շեմին մոտենալուն զուգընթաց, ռուսական բանակը դժվարանում է պահպանել անհրաժեշտ թվով զինուժը։ Մոսկվայի զորքերը մեծ կորուստներ են կրում, մինչդեռ ռազմաճակատում տարածքներ են գրավում չափազանց դանդաղ տեմպերով։

Ռուս իրավապաշտպաններից մեկը, որի անունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվում, հայտնել է, որ իրեն հայտնի զինծառայողների անհետացման դեպքերի մոտ 95 տոկոսում առկա փաստերը վկայում են այն մասին, որ զինծառայողը, ամենայն հավանականությամբ, ծանր վիրավորվել է, գերի է ընկել ուկրաինական ուժերի մոտ կամ զոհվել է, այլ ոչ թե ինքնակամ լքել է ծառայությունը կամ դասալքություն է կատարել:

Իրավապաշտպանը հայտնել է, որ որ Ռուսաստանը յուրաքանչյուր զինծառայողի համար, որին կեղծ տեղեկությունների հիման վրա գրանցում են որպես առանց թույլտվության բացակայող, խնայում է մինչև 13 միլիոն ռուբլի (160 հազար դոլար)։ Դա նաև հրամանատարներին թույլ է տալիս խուսափել զինծառայողին մարտական գործողությունների ժամանակ անհետ կորած ճանաչելու համար անհրաժեշտ քայլերից՝ փաստաթղթեր հավաքելուց, ծառայակիցներին հարցաքննելուց, հարազատներին տեղեկացնելուց և այլն։

«Շատ ավելի հեշտ է մարդուն գրանցել որպես առանց թույլտվության բացակայող և ասել, որ նրա գտնվելու վայրն անհայտ է», - «Ազատությանն» ասում է զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանը։

Կանայք, որոնց ամուսինները ճանաչվել են անհետ կորած, «Ազատությանը» հայտնել են, որ իրենց տրվող ամսական վճարումները համարժեք են մոտ 2,000 դոլարի։

Ներկայումս զինծառայողի մահվան դեպքում՝ Մոսկվայի դաշնային կառավարությունը նրա ընտանիքին միանվագ վճարում է 14,2 միլիոն ռուբլի (175 հազար դոլար), այդ թվում՝ Պուտինի հրամանագրով սահմանված 5 միլիոն ռուբլու չափով վճարը։ Բացի այդ, բազմաթիվ շրջաններ լրացուցիչ վճարումներ են տրամադրում՝ մինչև 3 միլիոն ռուբլի (37 հազար դոլար)։

Պուտինը հրապարակայնորեն ընդգծել է այն ռուսաստանցիների կարևոր դերը, ովքեր միացել են Ուկրաինայում Կրեմլի կողմից «Հատուկ ռազմական գործողություն» կոչվող գործողությանը, և նրանց ներկայացրել է որպես հայրենասիրության օրինակ։ Սակայն զինծառայողների հարազատների առջև ծառացած դժվարությունները, երբ նրանց ընտանիքի անդամներին կեղծ տեղեկությունների հիման վրա գրանցում են որպես առանց թույլտվության բացակայող, վկայում են անտարբերության և անուշադրության մթնոլորտի մասին։

Թվերը դժվար է հստակ ճշգրտել․ հրապարակայնորեն հասանելի որևէ տվյալների բազա չկա, որտեղ ներկայացված լինեն որպես առանց թույլտվության բացակայող գրանցված զինծառայողների անունները։ Անհետ կորած զինծառայողների հարազատներին միավորող սոցիալական ցանցերի խմբերի մասնակիցները նշում են, որ 2025 թվականի վերջին զինծառայողներին որպես առանց թույլտվության բացակայող գրանցելու մասին ծանուցումների թիվը կտրուկ աճել է։

Սոցիալական ցանցում հրապարակված գրառման սքրինշոթ՝ առանց թույլտվության բացակայող ճանաչված ռուս զինծառայողի ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով։ Գրառման մեջ նշվում է, որ նրան փնտրում են հարազատները:

Զինվորներին փնտրելու մասին հայտարարությունները հաճախ ներառում են զինծառայողի լուսանկարը, անունը, մականունը, ծննդյան ամսաթիվը և որպես առանց թույլտվության բացակայող կարգավիճակ ստանալու ամսաթիվը։ Հայտարարություններից շատերում գրված է՝ «Կինը փնտրում է» կամ «Քույրը փնտրում է»։ Մասնակիցները երբեմն նաև խորհուրդներ են փոխանակում կարգավիճակը փոխելու համար պայքարելու լավագույն տարբերակների մասին, ինչը, որդուն փնտրող Մարինայի խոսքով, բյուրոկրատական և այլ խոչընդոտների պատճառով չափազանց դժվար է։

«Պետք է հավաքել բոլոր ապացույցները, որ տվյալ անձը մարտական առաջադրանքի է մեկնել՝ նրա հաղորդագրությունները, նամակագրության սքրինշոթերը և ծառայակիցների վկայությունները։ Այնուհետև պետք է դիմել զորամասի հրամանատարին և զինվորական հաշվառման ու զինկոմիսարիատի գրասենյակ, զինվորական ոստիկանությանը ներկայացնել որոնում իրականացնելու պահանջ և բողոք ներկայացնել զինվորական դատախազություն։ Բողոքին պետք է կցել հավաքված բոլոր ապացույցները», - ասել է նա։

«Երբեմն պատասխանի համար ստիպված ես լինում յոթ-ութ ամիս սպասել։ Հաճախ դատախազությունը կանգնում է հրամանատարության կողմը և հայտնում, որ որևէ խախտում չի հայտնաբերել։ Այդ դեպքում պետք է նոր բողոքներ ներկայացնել, նոր ապացույցներ փնտրել, իսկ հետո դիմել դատարան»։

Մարինան պատմում է, որ երբ սկսել է որդու կարգավիճակը փոխելու գործընթացը, «գիտեր, որ դա կարող է տարիներ տևել»։

«Եվ հենց այդպես էլ եղավ․ հիմա 2026 թվականի ամառն է», - ասում է նա։ «Արդեն երկրորդ տարին է՝ որդուցս չեմ լսում՝ «Մամ, ես ողջ եմ», և նա դեռ շարունակում է գրանցված լինել որպես առանց թույլտվության բացակայող»։