Այսօր կեսօրին կառավարության դիմաց էին հավաքվել անհայտ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ՝ թարմ տեղեկություններ պահանջելով իրենց զավակների որոնողական աշխատանքների մասին:
Ծնողները միաժամանակ յոթ օր ժամանակ տվեցին գործադիրին, այլապես, ինչպես նշեց անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, սպիտակ դրոշով, ավտոերթով կգնան Ադրբեջանի սահմանին գտնվող Հակարիի կամուրջ: Նրանք ցանկանում են կապ հաստատել Ադրբեջանում անհայտ կորածներ ունեցող մարդկանց հետ՝ փորձելու օգնել իրար:
«Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ՝ մեր կարգավիճակով, որ 90-ականներից անհայտ կորածներ ունեն, մենք փորձելու ենք իրենց հետ խողովակ գտնել՝ մենք ստեղ մեր ուժերով իրենց անհայտ կորածների ճակատագրով հետաքրքրվենք, իրենք՝ էնտեղ, քանի որ իրենք չեն կարող գալ Հայաստան, մենք էլ չենք կարող գնալ Ադրբեջան», - ասաց Ղուկասյանը:
Ընդհանուր առմամբ ծնողները դժգոհում էին կառավարության անգործությունից: «Ես վեց տարի իմ երեխային չեմ տեսել, դիմանալու չէ: Իմ տղայից վիդեոներ կան, Քիմիկների զորամասից, 20 թվականին իրենց [ադրբեջանական ալիքով] ցույց են տվել, բայց որ դուռը ծեծում ես, ասում են՝ ինքը էնտեղ չէ»,- ասում էր մայրերից մեկը:
Անհայտ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ցույցեր են կազմակերպում տարբեր պետական կառույցների առջև, երբեմն նաև փողոցներ փակում՝ պահանջելով ակտիվացնել իրենց զավակներին գտնելու ջանքերը:
Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:
Հայաստանն, իր հերթին, շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։ Հունիսի վերջին էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր՝ «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը»: Բաքվի նշած 4 հազար թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ շեշտելով՝ այդ մասին տեղեկություններ չունեն, իսկ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։