ԱՄՆ զինուժը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է Իրանին

Նավեր Հորմուզի նեղուցում՝ Բանդար Աբբաս նավահանգստի մոտ, արխիվ

ԱՄՆ զինուժն այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է Իրանին՝ ժամեր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը հերքեց իրանական լրատվամիջոցների հաղորդումները, թե գործարք է պատրաստվում, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի ծովային շրջափակումը, Իրանն էլ բացի Հորմուզի նեղուցը:

Ամերիկացի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն հարվածել է անօդաչուների արձակման կայանի, որը սպառնալիք էր ներկայացնում Հորմուզի նեղուցում ամերիկյան ուժերի և առևտրային նավագնացությանը: Նաև իրանական հարձակողական չորս անօդաչու են խոցել:

Իրանական Tasnim գործակալությունը ռազմական աղբյուրին հղումով հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը կրակ է բացել ամերիկյան նավթատար նավի ուղղությամբ, որը փորձել է անցնել նեղուցով, և ստիպել է հետ գնալ: Այնուհետև ԱՄՆ զինուժը հարվածել է Բանդար Աբբասի մոտ գտնվող բաց տարածքին: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Իրանական այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ չորս նավ է փորձել անցնել նեղուցը, որոնք բոլորն էլ իրանական կողմի կրակոցներից հետո ստիպված են եղել հետ գնալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ - Իրան նախնական հուշագրի մանրամասներ են հրապարակվելԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավին, Թեհրանից սպառնում են՝ նոր պատերազմի դեպքում դաժան հարվածներ կլինեն