ԱՄՆ զինուժը երեք օրում երկրորդ անգամ հարվածել է Իրանին: Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում հարվածել են անօդաչուների արձակման կայանի, նաև խոցել չորս հարձակողական անօդաչու:
Նշվում է, որ թիրախը «սպառնալիք էր Հորմուզում ԱՄՆ ուժերին և առևտրային նավագնացությանը» և պատրաստվում էր 5-րդ անօդաչուն արձակել:
Իրանական Tasnim գործակալությունը, ռազմական աղբյուրին հղումով, հայտնել է, որ իրանական ռազմածովային ուժերը կրակել են նեղուցն անցնել փորձող ամերիկյան նավթատար նավի ուղղությամբ և ստիպել հետ գնալ: Եվ դրանից հետո ԱՄՆ զինուժը հարվածել է Բանդար Աբբասին: Զոհերի, ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվում:
Իրանական այլ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ չորս նավ է փորձել անցնել նեղուցը, որոնց բոլորին իրանական զինուժը ստիպել է հետ գնալ:
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակմանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներից մեկին՝ չհստակեցնելով, թե որին: Թեհրանը զգուշացրել է՝ ոչ մի «ագրեսիա անպատասխան չի մնա», իսկ հետագա հարձակումներն «ավելի վճռական» պատասխանի կարժանանան:
Ավելի ուշ Քուվեյթը, որտեղ ԱՄՆ-ն մի քանի ռազմաբազա ունի, հայտարարել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը Բանդար Աբբասի շրջանների վրա: Արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նաև համերաշխություն է հայտնել Օմանի հետ, որին մինչ այդ սպառնացել էր ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը կառավարության նիստին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռ գոհ չէ Իրանի հետ հնարավոր համաձայնագրից և չի պատրաստվում մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: ԱՄՆ նախագահը շեշտել է՝ ոչ մի երկիր, այդ թվում՝ Օմանը, չպետք է վերահսկի Հորմուզի նեղուցը:
«Նեղուցը բաց կլինի բոլորի համար: Դրանք միջազգային ջրեր են։ Մենք կհետևենք նեղուցի շարժին, բայց ոչ ոք չի վերահսկելու այն... Իսկ Օմանը կվարվի ինչպես բոլորը, այլապես ստիպված կլինենք պայթեցնել նրանց», - նշել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, թե բանակցություններում որոշակի առաջընթաց կա և առաջիկայում պարզ կլինի՝ հնարավո՞ր է առաջ շարժվել: Մի բան, սակայն, հաստատ է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ասել է նա:
«Եթե վերջին իրադարձություններն ինչ-որ բան ցույց տվեցին, ապա դա այն է, որ դրանք մեզ ևս մեկ անգամ հիշեցրին, որ Իրանն աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավորն է։ Եվ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», - ասել է Մարկո Ռուբիոն։
Այս իրադարձությունների ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր պատժամիջոցների ցանկում է ներառել Պարսից ծոցի նեղուցի վարչությունը՝ Իրանի ստեղծած նոր մարմինը, որը համակարգում է Հորմուզով երթևեկությունը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թրամփի հռետորաբանությունը չի ստիպի Իրանին հրաժարվել ուրանը հարստացնելու, Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունքից և պատժամիջոցները չեղարկելու պահանջից:
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի Քանիին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է առանց պայմանների ապասառեցնի իրանական բոլոր սառեցված ակտիվները և վերադարձնի դրանք:
Այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանում։ Նաբաթիե, Սիդոն և Տիր քաղաքներում կան զոհեր և վիրավորներ: «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել, զոհվել է իսրայելցի մեկ զինվոր, ևս երկուսը վիրավորվել են: