ԱՄՆ-ը կարող է արաբական պետություններին խնդրել աջակցել պատերազմի ֆինանսավորմանը. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դիտարկել արաբական երկրներին դիմելու հնարավորությունը՝ Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորմանը աջակցելու համար։

«Ես չեմ ցանկանում առաջ ընկնել նրանից, բայց սա հաստատ մի գաղափար է, որը նա ունի, և կարծում եմ՝ շուտով դուք այդ մասին ավելի շատ կլսեք նրանից», - ասել է Քերոյան Լևիթը Սպիտակ տանը անցկացված ճեպազրույցում։

Պարսից ծոցի արաբական երկրները բազմիցս ենթարկվել են Իրանի հարձակումներին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածել Իրանին։ Այդ երկրները չեն միացել Իրանի դեմ պատերազմին։ Սակայն այդ հարձակումները, ինչպես նաև Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, նրանց համար առաջացրել են զգալի տնտեսական կորուստներ և նաև քաղաքացիական զոհեր։

Լևիթը նաև կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում, ինչը Իրանը հերքել է։

«Չնայած այն ամենին, ինչ դուք լսում եք ռեժիմի հրապարակային հայտարարություններից և կեղծ հաղորդումներից, բանակցությունները շարունակվում են և լավ են ընթանում։ Հանրային ասվածը, իհարկե, շատ տարբեր է այն բանից, ինչ մեզ փոխանցվում է փակ ձևաչափով», - ասել է Լևիթը։