ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են միջուկային զենքի վերահսկման հնարավոր բազմակողմ պայմանագիրը

ԱՄՆ-ը Ժնևում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ և քննարկել միջուկային զենքի վերահսկման հնարավոր բազմակողմ պայմանագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյային:

Ըստ լրատվամիջոցի այսօր էլ նախատեսված է հանդիպում չինական կողմի հետ:

ԱՄՆ-ն կոչ է արել կնքել նոր, ավելի լայն զենքի վերահսկման պայմանագիր, որը կներգրավի ինչպես Չինաստանը, այնպես էլ Ռուսաստանը, այն բանից հետո, երբ լրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հրթիռների և մարտագլխիկների տեղակայման սահմանափակման մասին համաձայնագրի՝ New START-ի ժամկետը։

Այս ամսվա սկզբին Չինաստանի զինաթափման հարցերով դեսպան Շեն Ցզյանը հայտարարել էր, որ իր երկիրը այս փուլում մտադիր չէ մասնակցել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ նոր բանակցություններին։ Պարզ չէ՝ արդյոք երեքշաբթի օրվա հանդիպումները կլինեն պաշտոնական բանակցություններ։

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը մեղադրել էր Չինաստանին գաղտնի միջուկային փորձարկումներ անցկացնելու համար, այդ թվում՝ 2020 թվականի հունիսի 22-ին, հավելելով, որ Պեկինը նաև նախապատրաստվում է մեծ ծավալներով նոր փորձարկումների։ Պեկինը «բացահայտ սուտ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեկինը «բացահայտ սուտ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները գաղտնի միջուկային փորձարկումների մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն չի երկարաձգի New START-ը. Թրամփն առաջարկում է նոր ու ավելի լավ պայմանագիր կնքել