ԱՄՆ-ը և Իրանը պայմաններ են փոխանակել բանակցությունները վերսկսելու համար

Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, ԱՄՆ-ին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան և պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը: Բացի այդ, ամերիկյան կողմը պատրաստ չէ ապասառեցնել իրանական ակտիվների նույնիսկ 25 տոկոսը և այլ երկրներում ռազմական գործողությունների դադարեցումը կապում է բանակցությունների ընթացքի հետ:

Այդ պահանջների կատարումը չի երաշխավորում ԱՄՆ-ի և Իսրայելի հրաժարվելը Իրանին նոր հարվածներ հասցնելուց, նշում է Fars-ը:

Ավելի վաղ Իրանը նույնպես հինգ պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես` Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում:

Մայիսի սկզբին Իրանը ԱՄՆ-ին էր փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղ պլան, որը նախատեսում էր, մասնավորապես, մարտական գործողությունների դադարեցում, չհարձակվելու երաշխիքներ, ծովային շրջափակման վերացում և տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերում:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ վեճի հիմնական առարկա է մնում Իրանի միջուկային ծրագիրը: Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է անմիջապես միջուկային ենթակառուցվածքի և ուրանի պաշարների սահմանափակման պարտավորություններ ստանձնել, մինչդեռ Իրանն առաջարկում է այդ հարցն առանձին քննարկել 30 օրվա ընթացքում:

ԱՄՆ նախագահն Իրանի առաջարկներն անընդունելի էր որակել, Թեհրանում պնդել էին, թե Դոնալդ Թրամփի արձագանքը որևէ նշանակություն չունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ-ն ԱՄԷ-ում ատոմակայանի է հարվածելՖԻՖԱ-ից կրկին հայտարարում են՝ Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանըNYT. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են վերսկսել Իրանի դեմ պատերազմըԹրամփն ակնարկում է, որ կորցրել է համբերությունը Թեհրանի նկատմամբԹրամփն ու Սին համաձայնել են՝ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա. Սպիտակ տունԱրաղչին կոչ է արել BRICS երկրներին՝ դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից «միջազգային իրավունքի խախտումները»Իրանն ամրապնդել է վերահսկողությունը էներգակիրների մատակարարման հարցում. «Ռոյթերզ»