ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան երեկ պատմական համաձայնագիր ստորագրեցին, որը թույլ կտա Պարսից ծոցի թագավորությանը ամերիկյան տեխնոլոգիաներով միջուկային ռեակտորներ կառուցել, ինչպես նաև սեփական ուրանը հարստացնել։
Գործարքն էլ ավելի է ամրապնդում Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, մինչ Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր, ավելի թեժ փուլ։ Միաժամանակ Վաշինգտոնը սրանով հնարավորություն է ստանում պահպանել գերակա դիրքը Սաուդյան Արաբիայի միջուկային ոլորտում՝ թույլ չտալով, որ այն անցնի մրցակիցների՝ առաջին հերթին Չինաստանին կամ Ռուսաստանին։
«Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է և աշխարհում ոչ առաջին, ոչ էլ միակ երկիրը, որը ցանկանում է զարգացնել միջուկային տեխնոլոգիաներ։ Երբ որևէ երկիր որոշում է խաղաղ, քաղաքացիական միջուկային ծրագիր ունենալ, մենք նախընտրում ենք, որ դա անի մեզ հետ, ոչ թե մեկ այլ երկրի», - այսօր հայտարարեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Գործարքը դեռ պետք է հավանություն ստանա ամերիկյան Կոնգրեսում
Գործարքը դեռ պետք է հավանություն ստանա ամերիկյան Կոնգրեսում, որտեղ պետքարտուղարի այս դիրքորոշումը ոչ բոլորն են կիսում։ Մի խումբ օրենսդիրներ մտավախություն ունեն, որ համաձայնագիրը կարող է հնարավորություն տալ Սաուդյան Արաբիային միջուկային զենք ստեղծել առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում։
2018-ին թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հայտարարել էր, որ թագավորությունը խաղաղ նպատակներով է ցանկանում հարստացնել ուրանը, նաև զգուշացրել՝ եթե Իրանը միջուկային զենք ունենա, Սաուդյան Արաբիան ևս հնարավորինս արագ կձգտի դրան։
«Այս համաձայնագիրը Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազք կսկսի», - X-ում գրել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին։
Նրա գործընկեր Էդ Մարքին էլ պնդել է, թե այսպիսով Ամերիկան թույլ է տալիս «ռազմատենչ և ավտորիտար պետությանը զարգացնել միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, այն դեպքում, երբ ինքն Իրանի հետ պատերազմում է՝ հենց այդպիսի ծրագրի իրականացումը կանխելու քողի տակ»։
Քննադատների խոսքով՝ Թրամփի վարչակազմը էական զիջման է գնացել և հրաժարվել նախորդ վարչակազմերի գլխավոր պահանջներից մեկից։ Երեկ ստորագրված համաձայնագիրը, մասնավորապես, չի պարտավորեցնում Սաուդյան Արաբիային միանալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լրացուցիչ արձանագրությանը, որը ՄԱԿ-ի տեսուչներին ավելի լայն լիազորություններ է տալիս երկրի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար։
Մինչդեռ, օրինակ, 2009 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կնքված «123» համաձայնագրում Վաշինգտոնը նման պահանջը հստակ ներառել էր։
Քննադատություններին ի պատասխան՝ պետքարտուղար Ռուբիոն պնդեց՝ ամենակարևոր երաշխիքն այն է, որ ծրագիրն իրականացվելու է ամերիկյան ընկերությունների և տեխնոլոգիաների միջոցով. «Քաղաքացիական միջուկային էներգիայի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի, որ ծրագիրը չի կարող վերածվել զենքի։ Իսկ լավագույն երաշխիքներից մեկն այն է, որ դրանում ներգրավված լինեն ամերիկյան տեխնոլոգիաներն ու ընկերությունները։ Եթե ծրագիրն իրականացնի որևէ այլ երկիր, մենք նման վերահսկողության հնարավորություն չենք ունենա»։
«Սա մեծ հարված էր, նախևառաջ՝ Իսրայելին»
Դեմոկրատների ընդդիմությունից բացի, վարչակազմը ստիպված է նաև արձագանքել արտաքին քննադատությանը՝ առաջին հերթին Իսրայելից։ Թեև վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել գործարքը, ընդդիմադիր գործիչներն ու մի շարք փորձագետներ արդեն հայտարարում են, որ այն լուրջ հարված է Իսրայելի անվտանգությանը։
«Բոլորս պետք է հասկանանք, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ծրագիրը վաղ թե ուշ կավարտվի միջուկային զենքով և խելահեղ սպառազինությունների մրցավազք կսկսի ամբողջ Մերձավոր Արևելքում», - X-ում գրել է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ հավելելով, որ Իսրայելի կառավարությունը պետք է վճռականորեն գործի և Կոնգրեսում փորձի կանխել գործարքի հաստատումը։
«Այս նախագծի դեպքում շատ բան կախված է մանրամասներից, որոնց մեծ մասը դեռ հրապարակված չէ։ Հայտարարվել է, որ ամերիկյան ընկերություններ են ներգրավվելու Սաուդյան Արաբիայում, հնարավոր է՝ որոշ ակտիվներ միայն ԱՄՆ-ին պատկանեն։ Սակայն որոշիչ են լինելու ժամանակացույցը, աշխատանքի իրական բաժանումը և վերահսկողության մեխանիզմները», - Reuters-ին ասել է իսրայելցի վերլուծաբան Ասաֆ Օրիոնը։
Փորձագետները հիշեցնում են, որ պատմության ընթացքում մի քանի անգամ արդեն քաղաքացիական միջուկային ծրագրերը վերափոխվել են ռազմականի։ Իրանի առաջին հետազոտական ռեակտորը ժամանակին տրամադրել էր հենց Միացյալ Նահանգները, իսկ Հնդկաստանի առաջին միջուկային փորձարկման համար օգտագործված պլուտոնիումը ստացվել էր Կանադայի նվիրաբերած ծանր ջրային ռեակտորից։
Գործարքը պետք է ուժի մեջ մտնի, երբ թագավորությունը ճանաչի Իսրայելն ու միանա Աբրահամի համաձայնագրերին. Թրամփ
Արձագանքելով քննադատություններին՝ նախագահ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ հայտարարեց, որ իր համոզմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետ կնքված համաձայնագիրը պետք է վերջնականապես ուժի մեջ մտնի միայն այն դեպքում, երբ թագավորությունը կճանաչի Իսրայելը և կմիանա Աբրահամի համաձայնագրերին։
Սաուդյան իշխանություններն առայժմ չեն արձագանքել այդ հայտարարությանը։
Մինչ այժմ Էր Ռիյադը բազմիցս հայտարարել է, որ հարաբերությունները կկարգավորի Իսրայելի հետ միայն այն դեպքում, երբ համաձայնություն ձեռք բերվի Պաղեստինի պետականության ճանապարհային քարտեզի շուրջ։
Աբրահամի համաձայնագրերը մշակվել են Դոնալդ Թրամփի առաջին նախագահության օրոք՝ Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման նպատակով։ Դրանց արդյունքում 2020 թվականին Իսրայելը ճանաչեցին Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, իսկ ավելի ուշ՝ նաև Մարոկկոն և Սուդանը։ Սաուդյան Արաբիան մինչ օրս չի միացել այդ գործընթացին։