Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Patriot Advanced Capability-3 (PAC-3) հրթիռների ու ուղեկցող սարքավորումների վաճառքի հնարավոր գործարքին՝ շուրջ 2.1 միլիարդ դոլար արժեքով: Գումարը կհատկացնեն եվրոպական դաշնակիցները, ասված է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ամերիկյան արտաքին գերատեսչությունը նշում է, որ Կիևը 500 միավոր PAC-3 հրթիռի գնման հայտ է ներկայացրել: Փաթեթում ներառված կլինեն նաև հրթիռների գաղտնի և ոչ գաղտնի պահեստամասեր, այլ բաղադրիչներ:
Պետդեպարտամենտի հավաստմամբ՝ այդ գործարքը «կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակներին, ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժն է»: Հաղորդվում է, որ Ուկրաինան վճարումը կկատարի Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի նվիրատվությունների, ինչպես նաև Եվրամիության վարկի շրջանակում ֆինանսավորվող ազգային հիմնադրամների հաշվին:
«Առաջարկվող վաճառքը կբարելավի ընթացիկ և ապագա սպառնալիքներին դիմակայելու Ուկրաինայի հնարավորությունները՝ նրա համալիր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կատարելագործման միջոցով», - ասված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի կեսերին Բրյուսելում իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր Patriot համակարգերի հրթիռների «զգալի պակասը»: