Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «այլևս դաշնակիցների կարիք չունեն» Իրանի դեմ պատերազմում:
«ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ նրանք չեն ցանկանում ներգրավվել Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը», - գրել է Թրամփը իր Truth Social կայքում, հավելելով՝ «և քանի որ մենք ռազմական հաջողություններ ունենք, մենք այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունենք, ոչ էլ ցանկանում ենք»։
Սպիտակ տան ղեկավարը վերջին օրերին դժգոհում էր, թե համաշխարհային տերությունները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավթային տանկերներին ուղեկցելու համար։ Այսօր նա պնդել է, թե զարմացած չէ:
«ՆԱՏՕ-ն, որտեղ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում, միշտ է եղել միակողմանի փողոց՝ մենք նրանց պաշտպանում ենք, բայց նրանք մեզ համար ոչինչ չեն անում, հատկապես, երբ մենք կարիքի մեջ ենք», - գրել է Թրամփը։
Գրառումից ժամեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին։ Մեծ Բրիտանիան նույնպես մերժել է Վաշինգտոնի օգնության խնդրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց. Թրամփ