Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ում երեխաների պատվաստումների համակարգը վերանայելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը հակասում է «տասնամյակների գիտական ապացույցներին»։
Նախագահ Թրամփը շաբաթվա սկզբին հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում է վերանայել դպրոցներում պատվաստումների պարտադիր պահանջները։ Նա նաև կրկին առաջարկել է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ ԿԿԽ պատվաստանյութը բաժանել երեք առանձին պատվաստումների։
Նրա առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը հիմնադրել է պատվաստումների դեմ պայքարող խումբ և վաղուց է քարոզում ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի միջև հերքված կապը։
Սակայն ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ գիտությունը «միանշանակ է. պատվաստանյութերը, այդ թվում՝ ԿԿԽ պատվաստանյութը, անվտանգ են և չեն առաջացնում աուտիզմ»։
«Պատվաստումների քաղաքականությունը պետք է հիմնված լինի առկա լավագույն գիտական տվյալների խիստ, անկախ և թափանցիկ ուսումնասիրության վրա, այլ ոչ թե քաղաքական ազդեցության»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ ԱՀԿ-ն «մտահոգված է, որ ԱՄՆ-ի իմունականխարգելման քաղաքականության վերջին փոփոխությունները չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում կուտակված ապացույցներին, որոնք ցույց են տալիս, թե երբ են երեխաներն առավել խոցելի հիվանդությունների նկատմամբ»։
Թեդրոսը նաև զգուշացրել է, որ պատվաստումները հետաձգելը կամ դեղաչափերը առանց անհրաժեշտության միմյանցից առանձնացնելը պատվաստումն ավելի անվտանգ չի դարձնում և կարող է երեխաներին թողնել անպաշտպան։
Քենեդին նախաձեռնել է պատվաստանյութերի, այդ թվում՝ տասնամյակներ շարունակ կիրառվող որոշ պատվաստանյութերի, լայնածավալ վերանայում, փոփոխել է երեխաների պատվաստումների ժամանակացույցը և կրճատել նոր պատվաստանյութերի մշակման ֆինանսավորումը։ Այս քայլերը խիստ քննադատության են արժանացել բժշկական և գիտական հանրության կողմից։
Այս տարվա սկզբին ԱՄՆ դատարանները կասեցրել էին Քենեդիի նախաձեռնած պատվաստումների քաղաքականության փոփոխությունների մի մասը։