ԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 30 մարդու կյանք է խլել

ԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 30 մարդու կյանք է խլել։ Մահվան պատճառ է դարձել ոչ միայն հիպոթերմիան՝ մարմնի գերսառեցումը, այնպես էլ ճանապարհատրանսպորտային պատահարները՝ սահնակներով սահելը, ամենագնացների և ձյունահեռացման մեքենաների հետ կապված միջադեպերը։

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ յոթ մարդ է զոհվել, երբ նրանց փոքր օդանավը վթարի է ենթարկվել Մեն նահանգի Բանգոր քաղաքում՝ ձնաբքի պայմաններում թռիչք կատարելիս։ Նյու Ջերսիում մի տղամարդու հայտնաբերել են ձյան մեջ՝ անգիտակից վիճակում, բահը ձեռքին։ Նյու Յորքում հայտնաբերվել է ևս ութ մահացած մարդ, հետաքննություն է ընթանում մահվան պատճառները պարզելու համար։

Ավելի քան կես միլիոն ամերիկացիներ այսօր առավոտյան արթնացել են առանց էլեկտրականության։ Նյու Մեքսիկոյից մինչև Մեն նահանգ ընկած բնակավայրերը փորձում են հաղթահարել փոթորկի հետևանքները։ Արկտիկական սառը օդային զանգվածները, սակայն, կարող են դանդաղեցնել վերականգնողական աշխատանքները։

Հարավային նահանգներում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ Այստեղ հատկապես տուժել են Թենեսի, Տեխաս, Միսիսիպի և Լուիզիանա նահանգները։ Փոթորիկը կաթվածահար է արել տրանսպորտային համակարգն ամբողջ երկրում, ինչի հետևանքով խափանվել է ավելի քան 9,000 չվերթ։

Անանցանելի ճանապարհներերի պատճառով չեղարկվել են հազարավոր չվերթներ։
Ազգային օդերևութաբանական ծառայության X-ի էջում գրված է, որ երկրի հյուսիսային հատվածի մեծ մասում ջերմաստիճանը «շարունակաբար զրոյից ցածր կլինի մինչև փետրվարի 1-ը։ Հաղորդում են նաև, որ «ռեկորդային ցածր ջերմաստիճան» է գրանցվել հարավային նահանգներում, որոնք սովոր չեն ձմեռային նման խիստ եղանակին։