ԱՄՆ-ն մեկ ամսով թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները

Հորմուզի նեղուց

ԱՄՆ-ն մեկ ամսով թուլացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել գնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթն ու նավթամթերքը՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ դա ժամանակավոր միջոց է՝ թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը:

«Այս կարճաժամկետ միջոցը կիրառվում է միայն նավթի նկատմամբ, որն արդեն ճանապարհին է և էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը», - ասել է Բեսենտը:

Պարսից ծոցում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները և Հորմուզի նեղուցով կենսական ուղու փաստացի փակումը ցնցել են համաշխարհային էներգետիկ շուկաները:

Հինգշաբթի նավթի գները կրկին բարձրացել են մեկ բարելի դիմաց 100 դոլարից ավելի, իսկ ֆոնդային շուկաները նվազել են, երբ Պարսից ծոցում ևս երեք բեռնատար նավ է տուժել: Իրանի նոր գերագույն առաջնորդն էլ սպառնացել է, թե կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը:

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացումը կտարածվի տարանցման մեջ գտնվող ռուսական նավթի շուրջ 100 մլն բարելի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

Նա նշել է, որ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի անխուսափելի է թվում՝ «չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի մասի դիմադրությանը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիան և Գերմանիան պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից