Ուկրաինան և ԱՄՆ-ն ստորագրել են երկկողմ մտադրությունների մասին համաձայնագիր, որը թույլ է տալիս ուկրաինական անօդաչու թռչող սարքերն արտահանել ԱՄՆ՝ ռազմական փորձարկումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով համաձայնագրի մանրամասներին ծանոթ երկու աղբյուրներին։
Պաշտոնյաներից մեկը լրագրողի հետ զրույցում հաստատել է պայմանավորվածության ձեռքբերումը, իսկ երկրորդ զրուցակիցը հայտնել է, որ փաստաթուղթը ստորագրել են երկու կողմերը։
«Մտադրությունների մասին երկկողմ հայտարարությունը, որն այժմ ստորագրվել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ուկրաինայի կողմից, հիմք է դնում անօդաչու թռչող սարքերի ոլորտում ապագա համագործակցության համար։ Սա նմանատիպ առաջին համաձայնագիրն է», -Ռաուֆօղլուն մեջբերել է իր զրուցակիցների խոսքերը։
Նման համաձայնագրի նախապատրաստման մասին մայիսին հայտնել էր Financial Times-ը։
Լրագրողների տվյալներով՝ նախագիծը նախատեսում է ուկրաինական անօդաչու համակարգերի ժամանակավոր արտահանում՝ ցամաքային, ծովային և օդային գործողությունների համար։
Նախատեսվում է, որ անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ում կօգտագործվեն «փորձարկման և գնահատման» նպատակով, ինչպես նաև ամերիկյան բանակի համար ապագա պահանջների ձևավորման գործընթացում։