ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնել մի շարք առանցքային հարցերի շուրջ. Reuters

Միացյալ Նահանգները և Իրանը դեռևս չեն համաձայնել մի շարք առանցքային հարցերի շուրջ՝ չնայած հայտարարություններին, թե մոտ են խաղաղության համաձայնագրին, հաղորդում է Reuters-ը:

Հիմնականը Իրանի միջուկային ծրագիրն է՝ Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, մինչդեռ Իրանը պաշտպանում է խաղաղ ծրագիր ունենալու իր իրավունքը, միաժամանակ հայտարարում, թե պատրաստ է այն սահմանափակել, եթե պատժամիջոցները չեղարկվեն։

Հստակ համաձայնություն չկա նաև պատժամիջոցների մեղմացման հարցում։ Իրանը պահանջում է ամերիկյան սահմանափակումների լիակատար վերացում, մինչդեռ Միացյալ Նահանգները կողմ է աստիճանական, պայմանական մեղմացմանը։

Երկու կողմերը տարակարծիք են նաև Հորմուզի նեղուցի տարանցման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է համագործակցել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, մինչդեռ Թեհրան պնդում է, որ նեղուցը գտնվում է իր ինքնիշխան տարածքում։

Այս ամենից բացի կա նաև իրանական սառեցված ակտիվների հարցը. Թեհրանը ցանկանում է, որ դրանք լիովին ազատվեն, սակայն Վաշինգտոնը դեմ է պատժամիջոցների վերացմանը՝ առանց միջուկային զիջումների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը հնարավոր է ստորագրվի «առաջիկա օրերին»

Բացի այդ, բանակցությունների օրակարգում է տարածաշրջանային անվտանգությունը։ Իրանը պնդում է, որ խաղաղության համաձայնագրով հրադադար հաստատվի նաև Լիբանանում, քանի որ Իսրայելը շարունակում է թիրախավորել «Հեզբոլա»-ի դիրքերը հարավային Լիբանանում՝ չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարին։

Պակիստանի վարչապետը երեկ հայտարարել է, որ աշխատում են կողմերի հետ
«հաջորդ քայլերը վերջնականապես մշակելու համար»։ «Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է», - X-ում գրել է Շեհբազ Շարիֆը։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալություն էլ հաղորդել է, որ Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը մեկնում է Ժնև՝ բանակցային ջանքերրը զարգացնելու և կողմերի միջև փոխըմբռնմանը նպաստելու համար։

Շվեյցարիան առաջարկել է հյուրընկալել խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը՝ նշելով, որ սերտ կապի մեջ է և՛ Թեհրանի, և՛ Վաշինգտոնի հետ։