Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի երկարաձգի Ռուսաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը (New START, СНВ-III, SNV-III), որի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին և կոչ է արել հինը երկարաձգելու փոխարեն կնքել «նոր, բարելավված և արդիականացված պայմանագիր»:
TruthSocial սոցիալական ցանցում արված գրառման մեջ ԱՄՆ նախագահը նախորդ փաստաթուղթն անվանել է «վատ կնքված գործարք», որը «կոպտորեն խախտվում է», ապա նշել, որ ինքը հիմնովին արդիականացնում է երկրի զինված ուժերը։
«Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր երկիրն է։ Ես իմ առաջին ժամկետի ընթացքում ամբողջությամբ վերակառուցեցի երկրի զինված ուժերը, ներառյալ նոր և բազմաթիվ մոդեռնիզացված միջուկային զենքեր։ Ես նաև ավելացրի տիեզերական ուժերը, և հիմա շարունակում եմ վերակառուցել մեր զինված ուժերը աննախադեպ մակարդակներով»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։
«New START-ը (ԱՄՆ-ի կողմից վատ բանակցված գործարք, որը, ի շարս այլ բաների, կոպտորեն խախտվում է) երկարաձգելու փոխարեն, մենք պետք է մեր միջուկային փորձագետներին ստիպենք աշխատել նոր, բարելավված և արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է երկար գործել ապագայում»,- հավելել է նա։
New START-ը սահմանափակում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զինանոցների չափը: ԱՄՆ և Ռուսաստանի նախկին նախագահներ Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը այն ստորագրել են Պրահայում 2010-ին: Փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2011-ին:
Երեկ Axios-ը, հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, հաղորդել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ են New START-ի երկարաձգմանը: Ըստ աղբյուրի՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում քննարկել են համաձայնագրի պայմանները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
2025-ի աշնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Կրեմլը պատրաստ է հետևել պայմանագրի կատարմանը դրա ժամկետի լրանալուց հետո ևս մեկ տարի, բայց միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն նույնպես նման պարտավորություններ ստանձնի:
Հունվարին The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփը որևէ մտահոգություն չէր հայտնել Ռուսաստանի հետ պայմանագրի ժամկետի լրանալու վերաբերյալ: «Մենք պարզապես ավելի լավ գործարք կկնքենք»,- այդ ժամանակ ասել էր նա:
Թրամփը նաև ասել էր, որ ապագա պայմանագիրը պետք է ներառի նաև Չինաստանը՝ աշխարհի երրորդ խոշորագույն միջուկային տերությունը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ այս պահանջը «անհիմն և անիրատեսական է»՝ ընդգծելով, որ Չինաստանը պահպանում է իր զինանոցը «նվազագույն մակարդակի» վրա և չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի։