Սպիտակ տունը հերքում է, թե ԱՄՆ-ն Ուկրաինային պարտադրում է տարածքային զիջումներ

Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային հասկացրել է՝ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն այն բանից հետո, երբ Կիևը համաձայնի խաղաղության համաձայնագրին, որը, հավանաբար, կպահանջի ողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ անձի։

Ըստ թերթի՝ Վաշինգտոնը նաև ակնարկել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ զենք առաջարկել՝ խաղաղ ժամանակ իր բանակը հզորացնելու համար, եթե Կիևը համաձայնի զորքերը դուրս բերել իր վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններից:

Սպիտակ տունը հերքել է, թե ԱՄՆ-ն նման բան է պարտադրում Ուկրաինային:
«Սա բացարձակապես սուտ է. խաղաղության հաստատման գործընթացում ԱՄՆ-ի միակ դերը երկու կողմերին միավորելն է՝ համաձայնության գալու համար»,- FT-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

ԱՄՆ դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը թերթին ասել է, որ Վաշինգտոնը «չի փորձում որևէ տարածքային զիջում պարտադրել Ուկրաինային», հավելելով, որ անվտանգության երաշխիքները կախված են նրանից, թե արդյոք երկու կողմերն էլ կհամաձայնեն խաղաղության համաձայնագրին:

Ուկրաինայի նախագահը մշտապես հայտարարել է, որ տարածքների հարցում Կիևի դիրքորոշումն անփոփոխ է. երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Օրերես էլ Լիտվայի նախագահի հետ մամուլի ասուլիսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն:

Նա նաև հայտնել էր, որ ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է, Կիևն սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը:

«Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են: Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներն են ԱՄՆ կողմից: Փաստաթուղթը 100 տոկոսով պատրաստ է, և սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը և վայրը», - ասել էր նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են. Զելենսկի