ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ վաղը Մասկատում

ԱՄՆ և Իրանի դրոշները, կոլաժ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են ուրբաթ՝ Օմանի մայրաքաղաքում: Սպիտակ տունը ևս հաստատել է տեղեկությունը:

Ակնկալվում է, որ Մասկատում վաղվա հանդիպմանն Իրանից կմասնակցի Արաղչին, իսկ ամերիկյան կողմից՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսան՝ Ջարեդ Քուշները: Սակայն օրակարգի հարցերի շուրջ կողմերը դեռ տարաձայնություններ ունեն:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ: Թեհրանը նաև պահանջել է, որ բանակցեն միայն Իրանն ու ԱՄՆ-ն՝ առանց տարածաշրջանային միջնորդ երկրների, ինչպես նախատեսվում էր:

Եթե Իրանը ցանկանում է հանդիպել, ԱՄՆ-ն ևս պատրաստ է, երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Սակայն օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, շեշտել է Մարկո Ռուբիոն:

«Կարծում եմ՝ բանակցությունները, որպեսզի իրականում ինչ-որ իմաստալից արդյունքի հանգեցնեն, պետք է ներառեն ... բալիստիկ հրթիռների հեռահարության, տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին նրանց հովանավորության հարցերը, միջուկային ծրագիրը և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը», - ասել է Ռուբիոն:

ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, Թեհրանը, մինչդեռ, պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում:

ԱՄՆ նախագահը վերջին օրերին մեծ թվով զորք և ռազմանավեր է ուղարկել Մերձավոր Արևելք և սպառնում է ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանն անհապաղ բանակցությունների չնստի:

NBC News-ին տված հարցազրույցում էլ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ Իրանը հիմա բանակցում է ԱՄՆ-ի հետ հանդիպման շուրջ, սակայն մանրամասներ չի հայտնել:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին անցած տարի ամերիկյան զինուժի հասցրած ավերիչ հարվածներից հետո Թեհրանը փորձում է շարունակել իր միջուկային ծրագիրը, ինչի համար էլ Վաշինգտոնը պահանջում է, որ նստեն բանակցությունների:

«Նրանք մտադիր էին միջուկային նոր օբյեկտ կառուցել երկրի այլ հատվածում, և մենք իմացանք դրա մասին: Ես ասացի՝ եթե անեք դա, մենք շատ վատ բաներ կանենք ձեզ հետ», - փոխանցել է Թրամփը:

Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք ստեղծված իրավիճակում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ ալաթոլլա Ալի Խամենեին պետք է անհանգստանա: Թրամփը պատասխանել է. - «Ես կասեի, որ նա պետք է շա՛տ անհանգստանա»:

Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությունը լուրջ ռիսկեր կստեղծի ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան անում է հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու, որ ԱՄՆ - Իրան լարվածությունը տարածաշրջանը ներքաշի նոր հակամարտության և քաոսի մեջ: Էրդողանն ընդգծել է՝ Իրանի շուրջ վիճահարույց հարցերը, այդ թվում՝ միջուկային ծրագրի խնդիրը, պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվեն:

Չինաստանն էլ հայտարարել է, որ «աջակցում է խաղաղ միջուկային էներգիան օգտագործելու՝ Իրանի օրինական իրավունքին» և «դեմ է ուժի կիրառման սպառնալիքին ու պատժամիջոցների միջոցով ճնշմանը»: «Չինաստանը կշարունակի աջակցել Իրանի միջուկային խնդրի պատշաճ լուծմանը», - Պեկինում Իրանի փոխարտգործնախարարին ասել է Չինաստանի արտգործնախարարի օգնական Լյու Բինը։

Այս պահին պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը ընդհանուր հայտարարի են եկել Օմանում անցկացվելիք բանակցությունների օրակարգի շուրջ: Axios-ը, ամերիկացի պաշտոնյաներին հղումով, երեկ նույնիսկ գրել էր, թե Վաշինգտոնը չեղարկել է բանակցությունները, երբ Թեհրանն առաջարկել է հանդիպումը Ստամբուլից տեղափոխել Օման և քննարկել միայն միջուկային ծրագիրը:

«Մենք նրանց ասացինք, որ կա՛մ այսպես, կա՛մ ոչ մի հանդիպում, և նրանք պատասխանեցին՝ «Այդ դեպքում՝ ոչ մի հանդիպում»»,- Axios-ին ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նաև նշել էր՝ եթե Իրանը համաձայնի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել այս կամ հաջորդ շաբաթ, քանզի Վաշինգտոնը ցանկանում է արագ հասնել իրական համաձայնության:

Իրանցիները տարբեր տեսակետ ունեն վաղվա բանակցությունների մասին: Ոմանք դրանք համարում են անհրաժեշտ, իսկ մյուսները՝ վնասակար պետական շահերի համար։

«Ես համաձայն եմ բանակցություններին, քանի դեռ դրանք բխում են Իրանի շահերից, այլ ոչ թե Ամերիկան է մեզ պայմաններ թելադրում։ Եթե դա բխում է Իրանի շահերից, մենք ցանկանում ենք բանակցություններ, որոնք օգուտ կբերեն Իրանին, երկու կողմերի համար էլ շահեկան կլինեն», - ասում է Թեհրանի մի բնակիչ:

«Իսկապես, Ամերիկայի հետ բանակցելը մեզ համար ամոթ է, քանի որ պատմության ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել, և, վերջիվերջո, ինչ արդյունք էլ լինի, դրանք միշտ եղել են ի վնաս մեզ։ Իմ կարծիքով՝ այս բանակցությունները մեզ ոչինչ չեն տալիս բացի վնասից», - համոզմունք է հայտնում Իրանի մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հիմա բանակցում է ԱՄՆ-ի հետ. Թրամփ«Արտաքին միջամտությունը Իրանի ներքին գործերին, լուրջ ռիսկեր կստեղծի տարածաշրջանի համար». ԷրդողանՌուբիո. Եթե իրանցիները ցանկանում են հանդիպել ուրբաթ, մենք պատրաստ ենքԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվում են Օման