ԱՄՆ հետախուզության ղեկավարը չի կարծում, թե Պուտինը ձգտում է նվաճել ամբողջ Ուկրաինան և Եվրոպան

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդ, արխիվ

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը կոշտ ձևով հերքել է Reuters գործակալության պնդումը, որը, վկայակոչելով ամերիկյան հետախուզական շրջանակներում իր աղբյուրները, նախօրեին հաղորդել էր, թե ԱՄՆ հետախուզության կարծիքով՝ Ռուսաստանը նախկինի պես, չնայած խաղաղության բանակցություններին, ձգտում է գրավել Ուկրաինայի ամբողջ տարածքը, ինչպես նաև իր ազդեցության ոլորտ վերադարձնել նախկին խորհրդային երկրները:

Գաբարդը X-ում գրել է, թե «Խորքային Պետության պատերազմի հրձիգները և նրանց Քարոզչական Լրատվամիջոցները կրկին փորձում են խափանել Ուկրաինա, և անշուշտ Եվրոպա, խաղաղություն բերելու նախագահ Թրամփի ջանքերը»:

ԱՄՆ հետախուզության ղեկավարը «կեղծ և քարոզչություն» է որակել Reuters-ի հաղորդումը, «թե Միացյալ Նահանգների հետախուզական համայնքը համաձայն է և պաշտպանում է ԵՄ-ի/ՆԱՏՕ-ի կարծիքը, որ Ռուսաստանը նպատակ ունի հարձակվել/նվաճել Եվրոպան»::

«Ճշմարտությունն այն է, որ «ԱՄՆ հետախուզությունը» համարում է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ նույնիսկ նվաճել և օկուպացնել Ուկրաինան, էլ չասած Եվրոպայի վրա «հարձակման և օկուպացման» մասին», - գրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը:


Գաբարդի տեսակետը պաշտպանել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որն այժմ Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ:

«Պետք է խոստովանել, որ դա ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Եվրամիությունում պատերազմի հրձիգների լավ ֆինանսավորվող և լավ կազմակերպված մեդիաարշավ է՝ ուղղված նախագահ Թրամփի խաղաղ պլանի տապալմանը», - գրել է Դմիտրիևը:

Ինչպես նշված է Reuters-ի հրապարակման մեջ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս վստահեցրել է, թե Մոսկվան չի սպառնում ԵՄ երկրներին և չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, այդուհանդերձ, եվրոպական երկրների հետախուզությունը և այդ պետություններից շատերի ղեկավարները ռուսական ագրեսիայի սպառնալիքն ավելի քան իրական են համարում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի Սումիի մարզՊուտինի օգնականը քիչ հավանական է համարում բանակցություններում արագ առաջընթացըՄոսկվան «կառուցողական» է որակում Ֆլորիդայի բանակցություններըԶելենսկի. Վաշինգտոնն առաջարկում է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան ուղիղ բանակցություններՕդեսայի մարզի նավահանգստին հրթիռային հարվածի հետևանքով 7 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելՈւկրաինան և ԱՄՆ-ն անցկացրեցին խաղաղության պլանի շուրջ բանակցությունների նոր փուլըՊուտին. Ռուսաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրաԵՄ մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին իմաստազուրկ է. Լավրով