Միացյալ Նահանգների բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն այսօրժամանել են Կիև: Սա ամերիկացի պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա: Նրանք Ուկրաինայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու ուղիների շուրջ։
Նրանց այցը տեղի է ունենում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց։ Ուիթքոֆն ու Քուշները մի քանի անգամ այցելել էին Մոսկվա, սակայն մինչ այժմ բանակցություններ չէին անցկացրել Կիևում, որը 2022 թվականից ի վեր ենթարկվում է Ռուսաստանի կողմից իրականացվող մահացու հարվածների։
Ուիթքոֆն ու Քուշները Կիև են ժամանել գնացքով, հայտնել է AFP-ի լրագրողը, որը գտնվել է Ուկրաինայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանում։ Նախատեսվում է, որ նրանք բանակցություններ կանցկացնեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Reuters-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները ևս գտնվում են Կիևում: Նրանց այցը տեղի է ունենում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանագնացների միջև նախատեսված բանակցություններից առաջ։
Reuters-ի աղբյուրը չի հստակեցրել, թե որ հանդիպումներին են մասնակցելու խորհրդականները։