Ամերիկյան զինուժը մոտ է Իրանում իր ռազմավարական հիմնական նպատակների իրագործմանը. Թրամփ

Ամերիկյան զինուժը մոտ է Իրանում իր ռազմավարական հիմնական նպատակների իրագործմանը, սակայն դեռ կշարունակի հարվածել Իրանին, Սպիտակ տնից ամերիկացիներին հղած հեռուստաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ըստ էության ջախջախել է Իրանին. ոչնչացրել է ռազմածովային նավատորմը և ռազմաօդային ուժերը, լրջորեն վնասել հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչի շնորհիվ Իրանն այլևս սպառնալիք չէ:

«Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում ԱՄՆ բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք: Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է», - ասել է Թրամփը:

Իր 19 րոպեանոց ելույթում, որին ներկա էր նաև ռազմական բարձրաստիճան ղեկավարությունը, Թրամփն ասել է, որ Մերձավոր Արևելքից նավթի կարիք ունեցող երկրները պետք է այժմ իրենք ստանձնեն առաջնորդությունը Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թեև վստահեցրել է՝ երբ պատերազմն ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի, իսկ էներգակիրների գներն արագ կկարգավորվեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթներին. Թրամփ

Իսկ ի՞նչ է սպասվում, եթե Իրանը չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին: ԱՄՆ-ն կհարվածի նաև Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, սպառնացել է նա:

«Եթե գործարք չլինի, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց բոլոր էլեկտրակայաններին: Մենք չենք հարվածել նրանց նավթային օբյեկտներին, թեև դա ամենահեշտ թիրախն է… մենք կարող ենք հարվածել և ոչնչացնել դրանք։ Եվ նրանք ոչինչ չեն կարող անել», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանում ԱՄՆ գործողությունների ընթացքում ցուցաբերած անբավարար աջակցության համար: Թրամփը կրկին պնդել է, թե ԱՄՆ-ի նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունը չէր, սակայն դա արդեն տեղի է ունեցել: Նա պնդել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունն անհրաժեշտություն էր, քանզի եթե չմիջամտեին, Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել, ինչն «անընդունելի սպառնալիք» է ԱՄՆ-ի համար:

Չնայած շուկաները հանդարտեցնելու Թրամփին փորձին՝ նրա ելույթից հետո նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 106 դոլարի, իսկ ֆինանսական շուկաները անկում են գրանցել:

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Թրամփին

Արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ սպառնալիքները և կշարունակի հակահարված տալ այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածները:

«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի և այնուհետև նույն օրինաչափության կրկնության այս արատավոր ցիկլը... Սա անարդար պատերազմ է, որը պարտադրվել է Իրանի ժողովրդին։ Մենք այլընտրանք չունենք, քան վճռական հակահարված տալը», - նշել է Իսմայիլ Բաղային:

Իրանի զինված ուժերի խոսնակն էլ զգուշացրել է՝ առաջիկայում «ավելի լայնածավալ» և «ջախջախիչ» հարձակումներ կլինեն: Իրանի բանակի գլխավոր շտաբի պետն իր հերթին հանձնարարել է ուշադիր հետևել հակառակորդի տեղաշարժին՝ ցամաքային հնարավոր ներխուժմանը հակազդելու նպատակով։ «Եթե թշնամին փորձի ցամաքային գործողություններ իրականացնել, ոչ մի մարդ չպետք է ողջ մնա», - ըստ IRNA գործակալության՝ ասել է Ամիր Հաթամին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար

Պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվն անցել է 5000-ը

Պատերազմի 34-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին, կան վիրավորներ: Մի քանի անգամ հարձակման ենթարկվելուց հետո Իրանի պողպատաձուլական երկու խոշորագույն գործարանները հայտարարել են, որ դադարեցրել են աշխատանքը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների 5-րդ շաբաթվա ընթացքում «անհերքելի առաջընթաց» են գրանցել Իրանի ռազմական կարողությունները ոչնչացնելու հարցում:

Իսրայելը նաև հարվածել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին՝ պնդելով, որ վերջին 24 ժամում խմբավորման 40 մարտիկ է սպանել: Իրանի աջակցությունը վայելող շարժումն իր հերթին հայտարարել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իսրայելի բանակին:

Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում գտնվող և ԱՄՆ-ի հետ կապված պողպատաձուլական օբյեկտների։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե դա նախազգուշացում է՝ եթե իրանական արդյունաբերության վրա հարձակումները կրկնվեն, «հաջորդ պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի»:

Պատերազմի հետևանքով զոհերի ընդհանուր թիվն անցել է 5000-ը: Միայն Իրանում, ըստ իրավապաշտպանների, զոհվել է 3519 մարդ: Լիբանանում սպանվել է 1318 մարդ, Իսրայելում զոհերի թիվը 19 է, 13 զոհ էլ ունի ԱՄՆ-ն: Զոհեր և վիրավորներ կան նաև Պարսից ծոցի մյուս երկրներում:

Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Իրանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, ասել է, թե նեղուցը բաց է բարեկամական երկրների նավերի համար, որոնք այն կարող են անցնել Իրանի իշխանություններից անհրաժեշտ թույլտվություն ստանալուց հետո:

Թրամփի հայտարարությունից հետո, որը Ծոցի երկրների նավթ գնող երկրները ստիպված են ինքնուրույն լուծել Հորմուզը վերաբացելու հարցը, Մեծ Բրիտանիան ավելի քան 40 երկրների մասնակցությամբ այսօր առցանց հանդիպում է անցկացրել, որի նպատակն է ստեղծել կոալիցիա՝ նեղուցի վերաբացման հնարավոր ուղիները քննարկելու համար: Արտգործնախարար Իվետ Քուփերի նախագահած հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան և Արաբական Միացյալ Էմիրությունները: