Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի է

Նավերը Հորմուզի նեցուցում՝ Բանդար Աբբասի ափին, արխիվ

Ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է նոր հարվածների մասին տեղեկությունները․ «Ուժգին հարվածներ կհասցնենք նրանց թիրախներին, որպեսզի բարելավենք մեր գործունեության միջավայրը և թուլացնենք այն կարողությունները, որոնք Իրանը փորձում է ունենալ», - ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նոր հարվածների վերաբերյալ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել․ «ԱՄՆ զորքերը Վաշինգտոնի ժամանակով 17:15-ին սկսել են ինքնապաշտպանական լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող մի շարք թիրախների՝ հետևելով գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին», - փոխանցել են Կենտրոնական հրամանատարությունից՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվում է «Իրանի անհիմն և շարունակական ագրեսիային» ի պատասխան։

Իրանական պետական IRNA լրատվականը հաղորդել է, որ Բանդար Աբբասի օդանավակայանի և ավիաբազայի մերձակայքում պայթյուններ են որոտացել։

Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան ուժերը հարվածել են նաև նավահանգստային Սիրիկ քաղաքին, որտեղ ռազմածովային բազա է տեղակայված։

Որոշ տեղական լրատվամիջոցների պնդմամբ՝ իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել , սակայն Վաշինգտոնից հերքել են այս պնդումները։

AFP-ն, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հայտնել է, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան բազաներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին, այդ թվում՝ նավթատարերի և այլ կոմերցիոն նավերի համար։ Թեհրանից զգուշացրել են՝ կթիրախավորեն նեղուցով անցնել փորձող նավերին։ Ըստ Վաշինգտոնի, սակայն, Հորմուզը անցանելի է մնում։

Մինչ այդ, նախորդ գիշեր ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածներից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Իրանը շատ է ձգձգել խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և հիմա վճարում է դրա գինը։

Թեհրանն, իր հերթին, զգուշացրել է, որ իր ուժերը պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության, իսկ հետագա էսկալացիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Վաշինգտոնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը զգուշացնում է՝ պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխանի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եմենի ափերի մոտ հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի և զինված խմբի միջևՆոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վերսկսվել են մի քանի ժամովԻրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են