Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ այցելեց պաշտոնյաներից առանձին, Հանրայինը չհեռարձակեց նրա այցը

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը, ինչպես նախորդող տարիներին, այս անգամ ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաներից առանձին:

Իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու միջև արդեն մեկ տարի շարունակվող լարվածության պայմաններում այս տարի Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ, կադրում չերևաց Մայր Աթոռի պատվիրակության այցը:

Վարչապետ Փաշինյանը անցած տարվանից պահանջում է Գարեգին երկրորդի հրաժարականը՝ պնդելով, որ եկեղեցու բարենորոգման ծրագիր է սկսել: Կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել անգամ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եկեղեցին դատապարտել է՝ սա համարելով սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր դարձյալ անդրադարձել է 2023-ին Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանությանը:

«Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ: Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի»,- ասված է Վեհափառի ուղերձում: