Ամեն տարի նույնն է՝ Լարսը փակվում է, հեղուկ գազը՝ պակասում ու թանկանում. վարորդներ

Երկար տարիներ Գեղարքունիքի մարզում հեղուկ գազ վաճառող տնտեսվարողը, որ ցանկացավ անանուն մնալ, սպասում է, թե երբ Լարսը կբացվի, որ Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ բերող բեռնատարները տեղ հասնեն, ու իրենց լցակայանը սկսի աշխատել:

«Ամեն տարի հենց ձյուն է գալիս, Լարսի հետ խնդիր էլի, գազի, միշտ խնդիր է լինում, ու միշտ գինը բարձրանում է այս սեզոնին, պակասում է, անընդհատ չկա», - ասաց նա։

«Ազատությունն» անցած շաբաթավերջին շրջել էր Վանաձորի ու Գյումրիի մի շարք լցակայաններով, մարզերում հիմնականում հեղուկ գազ չկար, իսկ հատուկենտ կետերում էլ գինը զգալիորեն բարձր էր, վաճառքը՝ սահմանափակումներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղուկ գազի գինը շարունակում է աճել, շատ լցակայաններում այդ վառելիքն արդեն չկա

Մայրաքաղաքում ևս այս օրերին հեղուկ գազի պակաս է նկատվում, բայց Երևանում վարորդները ավելի շատ գնից են դժգոհում:

«Մի զապռավկայի մեջ 8 հազար դրամի տարբերություն է տալիս», -ասաց նրանցից մեկը, իսկ մյուսն էլ հավելեց. «Համարյա կրկնակի թանկացել է: Ամեն տարի նույնն բանն է, Լարսը փակվում է, հեղուկ գազի գինը թանկանում է»:

Հայաստանը հեղուկ գազ է ներմուծում հիմնականում Ռուսաստանից և Իրանից: Ամեն տարի այս օրերին, ըստ վարորդների, տեղումների պատճառով Լարսն անանցանելի է դառնում. ու գազով բեռնված մեքենաները շաբաթներով մնում են ճանապարհին: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցած շաբաթ Լարսի խնդրից բացի, նշել էր նաև Իրանում ներքաղաքական լարվածությունը: Բայց որ հատկապես մարզերում հեղուկ գազի վաճառք չկա կամ սահմանափակումներով է, Պապոյանը ոչինչ չէր ասել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղուկ գազի գնի աճը պայմանավորված է Իրանի իրադարձություններով և եղանակային գործոններով. Պապոյան

Այսօր երևանյան լցակայաններում «Ազատությանը» հանդիպած վարորդները դժգոհում էին՝ բիզնեսի «անարդար խաղ է», առիթից օգտվելով գինը կրկնակի թանկացնում են:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հակամրցակցային խնդիրներ չի տեսնում այս ամենում, կառավարության վերջին նիստում հայտարարել էր՝ ամեն տարի դեկտեմբերին հեղուկ գազը թանկանում է, գարնանը՝ էժանանում: Էկոնոմիկայի նախարարությունից երեկ «Ազատությանը» փոխանցել էին, որ իրավիճակը մեղմելու համար, Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով, բայց ե՞րբ՝ չեն հստակեցնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Վարորդներն այսպես արձագանքեցին. «Բիզնես է, անունը դնում են՝ Լարսը փակ է, բայց վաղը որ գազ մտցնեն Ռուսաստանից Ադրբեջանով, կասեն՝ տեսա՞ք՝ խաղաղությունը բերեցինք, հիմա էլ Ադրբեջանը թույլ է տալիս, որ մենք Ռուսաստանից գազ բերենք»:

«Ի՞նչ տարբերություն՝ որտեղով է գալիս, նույն ադրբեջանական նավթամթերքը, որ ուրիշ երկրով է գալիս ավելի թանկ, չե՞նք լցնում մեր մեքենան», -հավելեց մյուսը:

Նախարարությունից դեռ չեն նշում նաև, թե որ ընկերությունն ու ինչ ծավալի հեղուկ գազ կբերի: Ընդգծեցին՝ բանակցությունները շարունակվում են: Նախարարի խոսնակն ասաց՝ Իրանում նաև Հայաստանի առևտրային կցորդն է ակտիվ աշխատում, որ իրանական հեղուկ գազի ներմուծումը նույնպես վերականգնվի: