ԱՄԷ դատախազը պաշտոնապես ահաբեկչության փորձ ճանաչեց հարձակումը FlyDubai-ի օդանավում

Flightradar24-ի քարտեզում պատկերված է FlyDubai-ի օդանավի շեղումը երթուղուց, 30-ը սեպտեմբերի, 2026թ.

Անցնող շաբաթ FlyDubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող օդանավի հրամանատարի վրա երկրորդ օդաչուի հարձակումը ահաբեկչության փորձ էր, հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին:

Քննության տվյալներով՝ երկրորդ օդաչուն թռիչքի ժամանակ վթարային կացնով հարձակվել է հրամանատարի՝ Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարայի վրա և փորձել խլել ինքնաթիռի կառավարումը:

Քննության վերջնական արդյունքները կհրապարակվեն բոլոր ընթացակարգերի ավարտից հետո:

ABC News-ի տվյալներով, հարձակվողը՝ Օմանի 29-ամյա քաղաքացի Համամ ալ-Համամին, 2024 թվականին որպես երկրորդ օդաչուի պրակտիկանտ աշխատել է Oman Air ավիաընկերությունում, սակայն նրան հեռացրել են թռիչքներից՝ մոտը հայտնաբերելով «ծարահեղական ուղղվածության նյութեր»:

FlyDubai ավիաընկերությունում ալ-Համամին սկսել է աշխատել 8 ամիս առաջ:

Օմանցին համագործակցում է քննության հետ: Նա հայտարարել է, որ պատրաստվում էր կործանել օդանավը Իսրայելում:

Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին FlyDubai-ի Boeing 737 օդանավում, որում 174 ուղևոր կար, այդ թվում՝ 27 երեխա: Մի քանի տասնյակ վայրկյանների ընթացքում ինքնաթիռն ավելի քան 4 կմ բարձրություն է կորցրել: Ի վերջո օդանավը փոխել է ուղղությունն ու Թել Ավիվի փոխարեն վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վիրավոր օդաչուներ, փոփոխված չվերթ. ի՞նչ է տեղի ունեցել Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռում                          Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռն աղետի ազդանշան է ուղարկել, ապա վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում